Բեռնար Քուշների այցը Մատենադարան

Փետրվարի 27-ին Նոբելյան մրցանակի դափնեկիր «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր, բժիշկ, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար (2007-2010թթ.), «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ Բեռնար Քուշները այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Այցի ընթացքում Քուշներին ուղեկցում էին «Միջազգային համերաշխություն» (Solidarités International) կազմակերպության հիմնադիր Ալան Բուանեն, Ֆրանսիացի հետազոտողների միության (Société des Explorateurs Français) նախկին նախագահ Պատրիս Ֆրանսեսկին և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Նիկոլա Ստանիշը:
Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան Արցախի ձեռագրական ժառանգությանը, հպէկրանի օգնությամբ՝ հայ գրչության կենտրոններին։
Բեռնար Քուշները Հայաստան կատարած իր այցի համար նշել է․ «Ես երախտապարտ եմ Հայաստան եւ Արցախ այցելելու հնարավորության համար եւ արտահայտելու իմ համերաշխությունը պատերազմից տուժածներին»։
Նա մարդասիրական աշխատանքներ է կազմակերպել Սոմալիում, Սալվադորում, Լիբանանում եւ Վիետնամում: 2018 թ. պարոն Քուշները միացել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին, որի կազմում են Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, նախկին նախագահներ, հայտնի քաղաքական գործիչներ, ականավոր մարդասերներ եւ մեծահամբավ իրավապաշտպան ակտիվիստներ:

Կիսվել