ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ 75-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԳԻՐ ԳԻՏԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒ

2020 թ. հունվարի 9-ին լրացավ Հայաստանի հանրապետության առաջին նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր Լեւոն Տեր-Պետրոսյանի 75-ամյակը: Այդ առիթով մատենադարանցիները նախաձեռնեցին Տոնագիր գիտական ժողովածուի հրատարակում, որին մեծ սիրով ու ջերմությամբ արձագանքեցին աշխարհի առաջատար հայագետներ ու արևելագետներ: Համավարակի և պատերազմի պատճառով այն լույս տեսավ նախատեսվածից ավելի ուշ: Այսօր ուրախությամբ ժողովածուն հանձնում ենք ընթերցողի դատին:
Գրքում ամփոփված են Լեւոն Տեր-Պետրոսյանի հոբելյանի առիթով և նրա պատվին գրված հայերեն, անգլերեն, գերմաներեն, ռուսերեն և ֆրանսերեն ավելի քան երկու տասնյակ հոդվածներ, որոնց հեղինակներն ամենատարբեր երկրներից են՝  Հայաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ, Անգլիա, Ավստրիա, Իսրայել, Իտալիա, Շվեյցարիա: Հոդվածագրերը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կապված են տասնամյակների գիտական-ստեղծագործական և անձնական առնչություններով:
Նյութերը վերաբերում են գերազանցապես միջնադարի Հայոց պատմությանը, մատենագրությանն ու բանասիրական տարբեր խնդիրների, նաև՝ հայ-ասորական գրական-ձեռագրական աղերսներին: Սկզբում զետեղված է հոբելյարի մանրամասն կենսամատենագիտությունը:
Գիրքը հասցեագրված է հայկական միջնադարի մասնագետներին, ասորագետներին, արևելագետներին և ընդհանրապես գիտական հանրությանը:

Գրքի թվային տարբերակը տե՛ս այստեղ:

Կիսվել