«Բազմալեզու Բարոյախօս», Բրեպոլս, 2021 (անգլերեն)

Բելգիական հայտնի Brepols հրատարակչությունը լույս է ընծայել 2-րդ դարի վերջին հունարեն գրված վաղ քրիստոնեական Physiologus (հայերեն՝ Բարոյախօս) ժողովածուին և նրա տարալեզու թարգմանություններին նվիրված գիտական հոդվածների ժողովածու:
Գիրքը խմբագրել են Կարոլին Մասեն և Յոստ Գիպպերտը: Զանազան իրական և երևակայական կենդանիների (առանձին դեպքերում՝ նաև բույսերի և քարերի) տարբեր «բարքերը» նկարագրող և դրանք որպես քրիստոնեական բարոյախոսության այլաբանություն մեկնաբանող գողտրիկ պատմություններ ամփոփող այդ ժողովածուն հնում թարգմանվել է լատիներեն, հայերեն (հայերենից՝ վրացերեն), ասորերեն, ղպտերեն, եթովպերեն, արաբերեն և հին սլավոներեն:
Հայերեն թարգմանությունը հնագույններից մեկն է, հավանաբար արվել է 5-րդ դարում, իսկ դարերի ընթացքում խմբագրվել է, փոփոխվել, նաև ազդել հետագայի հայ առակագրության վրա, իսկ որոշ կերպարներ սիրելի են դարձել մանրանկարիչներին:
«Բազմալեզու Բարոյախօս» ժողովածուն հոդվածներ է պարունակում նշված լեզուներով գրքի թարգմանությունների մասին:
Հայերեն թարգմանությանը նվիրված հոդվածը հեղինակել են Մատենադարանի ավագ գիտաշխատողներ Գոհար Մուրադյանը և Արամ Թոփչյանը:
Գրքի բովանդակությունը տե՛ս հրատարակչության կայքում, հետևյալ հղումով:

Կիսվել