Լույս է տեսել «Մատենադարանի պարսկերեն հրովարտակները» շարքի հինգերորդ պրակը

Լույս է տեսել «Մատենադարանի պարսկերեն հրովարտակները» շարքի հինգերորդ պրակը՝ Մատենադարանի ավագ գիտաշխատող պ․գ․դ․ Ք․ Կոստիկյանի աշխատասիրությամբ, խմբագիրներ՝ պ․գ․դ․ Վահան Տեր-Ղևոնդյան, Զարուհի Սողոմոնյան։
Այս պրակում պատճեններով, բնագրերով, հայերեն ու անգլերեն թարգմանությամբ ներկայացված են Իրանի Ղաջարական իշխանությունների կողմից 1798-1829 թթ․ հրապարակված 96 հրովարտակներ, որոնք պահվում են Երևանի Մ․ Մաշտոցի անվան Մատենադարանում։ Ժողովածուի առաջաբանում քննվում է ընդգրկված վավերագրերի պատմագիտական արժեքը հայագիտության և հայ-պարսկական հարաբերությունների ուսումնասիրման համար։
Հրովարտակները հրապարակվել էին Այսրկովկասի շուրջ զարգացող ռուս-իրանական հակամարտության և պատերազմների շրջանում, ուստիև հայ-իրանական փոխհարաբերությունների, Երևանի խանության այդ ժամանակահատվածի պատմության կարևորագույն սկզբնաղբյուրներից են։
Գիրքը հրատարակվել է «Գուրգեն Մելիքյանի Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի» աջակցությամբ և նախատեսվում է արևելագետների, հայագետների, նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար։

Կիսվել