Lույս է տեսել «Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին» մատենաշարի 20-րդ հատորը

Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել «Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին» մատենաշարի 20-րդ հատորը (Արաբական աղբյուրներ Դ), որում լուսաբանված են ԺԳ-ԺԶ դարերի մամլուքյան պատմագրական ավանդույթի սկզբնաղբյուրները:
Գիրքը նվիրված է հայ-մամլուքյան քաղաքական և դիվանագիտական հարաբերությունների ուսումնասիրության համար կարևորություն ներկայացնող արաբալեզու սկզբնաղբյուրներին։ Աշխատանքի հիմնական մասում ներկայացված են թարգմանական քաղվածքներ Մամլուքյան պետության գահին նստած երեք սուլթանների օրոք արքունի դիվանապետի պաշտոնը զբաղեցրած Մուհի ալ-Դին իբն Աբդ ալ-Զահիրի երկերից, որոնք արժեքավոր տեղեկություններ են պարունակում Կիլիկյան Հայաստանի 1260-1292 թթ. պատմության բազմաթիվ դրվագների վերաբերյալ։ Հեղինակն իր հաղորդումների մեծ մասը շարադրել է որպես իրադարձությունների անմիջական մասնակից և ականատես։
Բնագրերից թարգմանության, առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակն է պ.գ.թ. Գագիկ Դանիելյանը, խմբագիրներն են պ.գ.դ. Ազատ Բոզոյանը և պ.գ.դ. Վահան Տեր-Ղևոնդյանը:
Գիրքը նախատեսված է հայագետների, միջնադարագետների, աղբյուրագետների և Կիլիկյան Հայաստանի պատմությամբ հետաքրքրվողների համար։
Գիրքը հրատարակվել է Մաքքի Մոհամադ Մոհամուդ Շահրազադիի (Սիրիա) հովանավորությամբ։
Գրքի թվային տարբերակը տե՛ս այստեղ:

Կիսվել