ԻՐԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Այսօր Մաշտոցյան Մատենադարանում մեկնարկեցին Իրանի մշակույթի օրերը, որի շրջանակում հրավիրվեց մամուլի ասուլիս։ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը և Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային ներկայացրեցին առաջիկայում իրականացվելիք ծրագրերը։ Ասուլիսին մասնակցում էր նաև ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած իրանական ձեռագրերի վերականգնման առաջատար մասնագետ Համիդ Մալեքյանը: Վերջինիս այցի արդյունքում Մատենադարանի հավաքածուի շուրջ տասը արժեքավոր ձեռագրեր կվերանորոգվեն իրենց առանձնահատուկ տեխնիկայով:Հայ-իրանական քաղաքական, պատմական ու մշակութային առնչությունները գալիս են հազարամյակների խորքից: Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվում են հարյուրավոր պարսկերեն ձեռագրեր և վավերագրեր, որոնք առավել ակնառու են դարձնում երկու ժողովուրդների դարավոր կապերը: Իրանական հավաքածուն ոչ միայն ամենահարուստներից է Մատենադարանի օտարալեզու ձեռագրերի շարքում, այլև գտնվում է ուսումնասիրման և վերականգնման աշխատանքների առաջնահերթությունների շարքում:Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ, Մատենադարանը նախաձեռնել է «Ղաջարական դարաշրջանի ձեռագրակազմերի վերականգնման» տեսական և գործնական դասընթացներ: Այն իրագործվում է ՀՀ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի հետ համագործակցության շրջանակում, և ԱՄՆ-ից մեր հայրենակից Արա Փիլիպոսյանի օժանդակությամբ: Հայ-իրանական օրերի կապակցությամբ Մատենադարանում բացվելու է նաև Ղաջարական դարաշրջանի մշակույթին նվիրված ցուցադրություն, որին զուգընթաց կկայանա Քրիստինե Կոստիկյանի «Մատենադարանի պարսկերեն հրովարտակները» և Իվեթ Թաջարյանի «Ղաջարական արվեստի նմուշները Մատենադարանում» գրքերի շնորհանդեսը: Գրքերը հրատարակվել են «Գուրգեն Մելիքյանի Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների» հիմնադրամի և «Վիկտորիա» միջազգային բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ:

Կիսվել