«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում»-ը 2022 թ. դեկտեմբերի 1-3-ը կազմակերպում է երիտասարդական 8-րդ գիտաժողովը, որն այս տարի նվիրված է լինելու անվանի ձեռագրագետ, պատմաբան Արտաշես Մաթևոսյանի ծննդյան 100-ամյակին:
Գիտաժողովին զեկուցումներ կարող են ներկայացվել հետևյալ թեմաներով՝
- ձեռագրագիտություն և գրչության կենտրոններ,
- աղբյուրագիտություն, պատմագիտություն,
- հայոց լեզվի պատմություն,
- հայ գրականության պատմություն,
- արվեստագիտություն,
- արևելագիտություն,
- աստվածաբանություն, կրոնագիտություն:
Գիտաժողովին կարող են մասնակցել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներ, հայցորդներ, գիտության թեկնածուներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից, որոնց թեմաներն առնչվում են վերոնշյալ բնագավառներին կամ միջնադարագիտության այլ հարցերին:
Գիտաժողովի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար կազմկոմիտեն սահմանել է հետևյալ ժամկետները՝
- Մինչև սույն թվականի սեպտեմբերի 20-ը գիտաժողովի կազմկոմիտեին պետք է ներկայացնել զեկուցման հիմնադրույթները 350-400 բառի սահմաններում՝ ներառյալ զեկուցման թեման, մասնակցի անունը և ազգանունը, ինչպես նաև այն հաստատությունը, որը ներկայացնում է մասնակիցը (անկախ հետազոտողները նույնպես կարող են մասնակցել): Հիմնադրույթները պետք է արտացոլեն ներկայացվելիք զեկուցումը և ուսումնասիրության նպատակը:
Խնդրում ենք հիմնադրույթներն ուղարկել [email protected] էլ. հասցեին: - Մինչև սույն թվականի հոկտեմբերի 10-ը դրական կարծիքներ ստացած հիմնադրույթների հեղինակները հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց զեկուցումները դեկտեմբերի 1-3-ը Մատենադարանում կայանալիք գիտաժողովին:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ստացված հայտերի թվաքանակով պայմանավորված գիտաժողովի կազմկոմիտեն նախապատվությունը տալու է միջնադարագիտական թեմաներին:
Հարգանքով
ՄԵԳՄ