ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱՐԱՐԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԸ ԵՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀԱՅԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԿԱԶՄԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Արխիվագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մալխասյանի «Հայկական կազմարարական դպրոցները և Մատենադարանի հայերեն ձեռագրերի կազմերի արձանագրությունները» աշխատությունը: Գիրքը բաղկացած է 2 հիմնական մասից։ Առաջին մասում ներկայացված են հայկական կազմարարության սկզբնավորումն ու զարգացումը, ձեռագրերի կազմերի արձանագրությունները որպես արձանագրագիտության բաղկացուցիչ մաս, կազմարարական դպրոցները, իսկ երկրորդ մասում՝ Մաշտոցյան Մատենադարանի հայերեն ձեռագրերի կազմերի արձանագրությունների վերծանությունները։ Գրքում ներկայացված են 11-20-րդ դարերում պատրաստված արձանագրությամբ կաշվե և մետաղե 380 կազմեր։ Արձանագրությունները կարևոր աղբյուր են հանդիսանում ինչպես հայերեն կազմարվեստի և կազմարարական դպրոցների ուսումնասիրման, այնպես և հնագրության, հայոց լեզվի պատմության, բարբառագիտության և այլ խնդիրների լուսաբանման համար։ Սույն աշխատությամբ հայագիտության մեջ ներմուծվում է գիտական կարևորություն ներկայացնող մի նյութ, սկզբնաղբյուր, որի հետազոտությունն արժևորվում է ինչպես կազմարարական դպրոցների պատմության, հայ ժողովրդի ստեղծած արժեքների գնահատման, այնպես էլ հայ մշակույթի, ձեռագրագիտության ուսումնասիրության տեսանկյունից: Արձանագրությունների հարուստ նյութի հիման վրա ներկայացված են բուն Հայաստանում և նրա սահմաններից դուրս գործած (Վասպուրական, Կարին, Նոր Ջուղա, Արցախ-Ուտիք, Ղրիմ, Մոսկվա, Կ. Պոլիս, Կեսարիա) կազմարարության դպրոցները, նշված են կազմարարների անուններ, ինչպես նաև ուրվագծված են այդ դպրոցներում կիրառված դրոշմազարդերն ու զարդապատկերները: Գիրքը նախատեսված է պատմաբանների, ձեռագրագետների, աղբյուրագետների, արձանագրագետների, արվեստաբանների և ընթերցող լայն հասարակայնության համար։

Գրքի թվային տարբերակը տե՛ս այստեղ:

Կիսվել