ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ

2022 թ. հուլիսի 15-19-ին ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետում և ՀԱԵ Վայոց Ձորի թեմում տեղի ունեցավ Արցախի մշակութային ժառանգությանը նվիրված միջազգային և միջառարկայական գիտաժողով։ Նախաձեռնությունը Գերմանիայի Գյոթինգենի համալսարանի պրոֆեսոր Մարտին Թամքեինն էր, կազմակերպիչներն էին Քիլի համալսարանի պրոֆեսոր Անդրեաս Մյուլլերը, Բենսհայմի միջեկեղեցական հետազոտական ինստիտուտի տնօրեն Դագմար Հելլերը և Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս ու ԵՊՀ Միջմշակութային կրոնագիտական կենտրոնի գիտաշխատող Հարություն Հարությունյանը։
Նախաձեռնության անդամների խոսքով. «Միջազգային գիտաժողովի կազմակերպումը կարևորվում է հատկապես ներկա իրավիճակում, քանի որ Ադրբեջանը վերջին պատերազմից հետո իր հսկողության ներքո անցած տարածքներում ցանկանում է վերացնել հայոց պատմության հետքերն իբրև կարծեցյալ կեղծիքներ։ Այսպիսով, խիստ անհրաժեշտ է դառնում տարածաշրջանի մշակութային ժառանգության գիտական և համաչափ վերլուծությունը, որն էլ կիրականացվի այս միջառարկայական ու միջազգային նախաձեռնության շրջանակում»։

Ի թիվս Հայաստանի, Արցախի և Եվրոպայի ճանաչված մասնագետների, գիտական զեկույցներով հանդես եկան նաև Մաշտոցյան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը և ավագ գիտաշխատողներ Թամարա Մինասյանը, Լուսինե Թումանյանն ու Արմինե Մելքոնյանը։ Նրանք ներկայացրին Արցախի և Ուտիքի պատմությունն իր հարուստ ձեռագրական ժառանգությամբ, Արցախի առաքելական ժառանգությունը, Քարվաճառ բնակավայրը XV դ. հայերեն ձեռագիր հիշատակարանում և Հովսեփ Արցախեցու գրական ժառանգությունը։
Գիտաժողովի եզրափակիչ նիստը, որը նվիրված էր Արցախի արվեստին ու մշակույթին, վարեց և գերմաներեն թարգմանությանն աջակցեց Մատենադարանի ավագ գիտաշխատող Անահիտ Ավագյանը։

Կիսվել