ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ Է ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼ «ԿՈՐՍՎԱԾ ՈՒ ՑՐՎԱԾ ՀԱՅԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԸ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐՈՒՄ» ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության  Գիտության կոմիտեն 2021 թ. որոշման համաձայն «Հայագիտություն և հումանիտար գիտություններ» անվանակարգում ֆինանսավորման է երաշխավորել «Կորսված ու ցրված հայերեն ձեռագրերը հայ մամուլի էջերում» գիտական թեման:

Մաշտոցյան Մատենադարանի Հանրային կապերի բաժնի աշխատակից Գրետա Գասպարյանը թեմայի նպատակների, արդիականության, կատարման ընթացքի և ակնկալվող արդյունքների մասին զրուցել է գիտական խմբի ղեկավար, Մատենադարանի Ձեռագրագիտության, Միջնադարյան գրականության և բանասիրության բաժինների ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Տաթևիկ Մանուկյանի հետ:

Տաթևիկ Մանուկյան, Քնար Հարությունյան, Լիլիթ Հովսեփյան, Անի Առաքելյան

Նախ ներկայացրեք խմբի անդամներին։

Մեր խմբի բոլոր անդամները Մատենադարանի Ձեռագրագիտության բաժնի բազմամյա փորձ ունեցող աշխատակիցներ են՝ բ.գ.թ. Լիլիթ Հովսեփյան, բ.գ.թ. Անի Առաքելյան, ասպիրանտ Քնար Հարությունյան: Մենք զբաղվում ենք հայերեն ձեռագրերի նկարագրություն-ուսումնասիրությամբ, ներգրավված ենք «Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց» բազմահատորյա ձեռագրացուցակի պատրաստման աշխատանքներում: Մեզնից յուրաքանչյուրը բազմիցս հանդես է եկել հայերեն ձեռագրերի և ձեռագրացուցակների մասին գիտական հոդվածներով և տեղական ու միջազգային գիտաժողովներում զեկուցումներով:

Հակիրճ ներկայացրեք թեման և դրա արդիականությունը:

Ծրագրով նախատեսված է գտնել և ուսումնասիրել հայ մամուլի էջերում (Արարատ-Էջմիածին, Բազմավեպ, Բանբեր Մատենադարանի, Բանբեր Երևանի համալսարանի, Լումա, Հայկազյան Հայագիտական հանդես, Հասկ, Մշակ, Պատմաբանասիրական հանդես, Սիոն և այլն) զանազան ուսումնասիրողների կողմից տարբեր ժամանակներում հրապարակված հայերեն ձեռագրերի նկարագրությունները, ապա որոշակի ճշտումներ, շտկումներ կատարելուց, այդ ձեռագրերի ներկայումս պահպանման վայրը պարզելուց կամ կորուստը արձանագրելուց հետո կազմել դրանց միասնական, միօրինակ, ներկայիս գիտական չափանիշներին համապատասխան ձեռագրացուցակ: Այդպիսով, կունենանք այսօր կորսված կամ աշխարհով մեկ ցրված այն հայերեն ձեռագրերի ձեռագրացուցակը, որոնց նկարագրությունները տարբեր տարիներին տպագրվել են հայ մամուլում: Դրանով գիտական շրջանառության մեջ կդնենք հարյուրավոր ձեռագրերի մասին տեղեկություններ, որոնք ուսումնասիրության աղբյուր կարող են լինել պատմաբանի, աղբյուրագետի, ձեռագրագետի, գրականագետի, լեզվաբանի, արվեստաբանի, մշակութաբանի, աստվածաբանի և այլ հետազոտողների համար: Բացի ձեռագրացուցակներին բնորոշ աղբյուրագիտական մեծ նշանակությունից՝ այս ձեռագրացուցակը արժեքավոր է լինելու նաև կորսված, բայց նախկինում մամուլում արձանագրված ձեռագրերը հաշվառելու և ներկայացնելու տեսանկյունից:

Ի՞նչ կտա սույն ծրագրի իրագործումը գիտությամբ զբաղվող անձանց և ոլորտի մասնագետներին և որքանո՞վ ազդեցություն կունենա թեմայի իրականացումը տվյալ բնագավառի զարգացման գործում:

Աշխատանքը օգտակար կլինի և կհեշտացնի ձեռագրով աշխատող ցանկացած մասնագետի ուսումնասիրությունը, գիտական լայն շրջանառության մեջ կդրվեն հարյուրավոր ձեռագրերի մասին տեղեկություններ (կամ հենց ձեռագրեր), ինչը հիմք կհանդիսանա հետագա նոր հետազոտությունների և աշխատանքների, կնպաստի ցեղասպանության տարիներին ձեռագրերի՝ իբրև մշակութային և նյութական արժեքի կորուստների հաշվարկներին և ճշգրտմանը:

Մամուլում ցրված նկարագրությունների հավաքումն ու մեկտեղումը արժեքավոր է ոչ միայն հայ հին գրականության, աստվածաբանության, պատմության, փիլիսոփայության, այլև թարգմանական (արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, լատիներեն և այլն) նյութերի հետազոտության դյուրացման համար:

Ի տարբերություն ձեռագրացուցակներով հրատարակված նկարագրությունների՝ մամուլում եղած ձեռագրերի նկարագրություններն այսօր այնքան էլ հեշտ կիրառելի չեն ուսումնասիրությունների ժամանակ (երբեմն անգամ մոռացվում են). պատճառը որպես կանոն մամուլի հսկայածավալ էջերում դրանց սփռվածը լինելն է, որն անհարմարություն է առաջացնում նախ դրանք գտնելու առումով:

Այդ հսկայական շտեմարաններում որևէ ձեռագրի մասին տեղեկություն փնտրել-գտնելն անհամեմատելի ավելի ժամանակատար (երբեմն ուղղակի անարդյունավետ) է, քան այդ բոլոր նկարագրությունները մեկտեղող մի այնպիսի հատորյակում դրանց որոնումը, որն օժտված կլինի գիտական մանրամասն բացատրություններով, հղումներով:

Ուստի վստահ ենք, որ այս աշխատանքը անհամեմատելի կհեշտացնի ձեռագրերով աշխատող հետազոտողների գործը, կնպաստի հարյուրավոր ձեռագրերի մասին տեղեկությունների հստակեցմանը և դրանց՝ գիտական շրջանառության մեջ դրվելուն:

Ո՞ր փուլում է այժմ գտնվում թեմայի ուսումնասիրությունը։ Ներկայացրեք ծրագրի ընթացքը։

Ծրագրի իրականացումը սկզբնական քարտագրման և ուսումնասիրման փուլում է: Ըստ առաջին տարվա նախատեսված աշխատանքների՝ հայ մամուլի մատենագիտություններից և գրադարաններում պարբերական մամուլի քարտարաններից դուրս ենք բերում հումանիտար բնույթի՝ բանասիրական, պատմաբանասիրական, արվեստաբանական և այլ պարբերականների, հանդեսների, թերթերի անվանումներն ու տեղեկությունները, որոնք պարունակում են ձեռագրերի մասին տարատեսակ հոդվածներ ու հիշատակություններ:

Ծրագրի իրականացման գործում արդյո՞ք հնարավոր են միջազգային համագործակցություններ։

Ծրագիրը հնարավորություն է տալիս համագործակցելու միջազգային կառույցների և մասնագետների հետ հետևյալ ուղղություններով. նախ աշխատանքի ընթացքում վստահաբար ի հայտ կգան ձեռագրեր, որոնք այժմ հանգրվանել են Հայաստանից դուրս մասնավոր անձանց մոտ և պետական տարբեր հաստատություններում: Հնարավոր է համագործակցություն այդ անձանց կամ հաստատությունների հետ՝ ստանալու ձեռագրերի թվային պատճենները կամ գուցե իրենց համապատասխան մասնագետի հետ համատեղ կատարել այս կամ այն ձեռագրի ուսումնասիրությունը:

Մյուս կողմից, քանի որ հայերեն ձեռագրերը աղբյուրագիտական նշանակություն ունեն ինչպես հայ, այնպես էլ օտարազգի գիտնականների համար, ապա այս աշխատանքը նույնքան կարևոր կլինի հայագիտությամբ կամ ընդհանրապես աղբյուրագիտությամբ զբաղվող արտասահմանցի հետազոտողների համար: Սա նշանակում է, որ աշխատանքը պահանջարկ կունենա նաև ՀՀ-ից դուրս:

Ի՞նչ արդյունքներ եք ակնկալում ծրագրի իրագործման ավարտին։

19-րդ դարից մինչ օրս կազմվել և հրատարակվել են հայերեն մեծ ու փոքր ձեռագրական հավաքածուների հարյուրից ավելի ձեռագրացուցակներ, բացի այդ հայերեն ձեռագրերի հարյուրավոր նկարագրություններ են հրատարակվել նաև հայ մամուլի էջերում:

Ակնկալում ենք գտնել այս բոլոր նկարագրությունները, ուսումնասիրել, ներկայիս գիտական չափանիշներով և ձեռագրերի նկարագրության մեթոդներով վերամշակել և ամփոփել մի ձեռագրացուցակի կազմում՝ օժտելով ցուցակը բազմատեսակ անվանացանկերով: Դրանով կհեշտացվի ուսումնասիրողների խնդիրը օգտվելու այս նկարագրություններից:

Աշխատանքը կարող է շարունակական լինել. նմանօրինակ աշխատանք կարող է կատարվել նաև արխիվային նյութերի և տարբեր՝ հատկապես հուշագրությունների և տեղագրական բնույթի երկերի համար:

Կիսվել