ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԱՆՏԻԿ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԲՆԱԳՐԵՐԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

2022 թ. նոյեմբերի 1-5-ը Մաշտոցյան Մատենադարանում անցկացվեց «Անտիկ և միջնադարյան բնագրերի մեկնություններ» խորագրով միջազգային գիտաժողով, որի կազմակերպիչներն էին Մաշտոցյան Մատենադարանը, Ռուսաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Համաշխարհային գրականության ինստիտուտը և Ակտուալ հումանիտար հետազոտությունների դպրոցը (տե՛ս գիտաժողովի ծրագիրը

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, ամփոփելով գիտաժողովի արդյունքները, հայտնեց. «Գիտաժողովին մասնակցել են հին հունարենի և լատիներենի համաշխարհային ճանաչում ունեցող հայ և արտասահմանցի գիտնականներ, երիտասարդ մասնագետներ, որոնք ներկայացրել են 35 զեկուցում։ Մատենադարանում գիտաժողովի կազմակերպման նպատակներից մեկը գիտական հանրության ուշադրությունը հրավիրելն էր հատկապես դասական բանասիրության վրա»։
Ռուսաստանի Ակտուալ հումանիտար հետազոտությունների դպրոցի տնօրեն Նիկոլայ Գրինցերի խոսքով. «Շատ կարևոր է գիտաժողովի համար ընտրված խորագիրը և դրա անցկացումը Հայաստանում, քանի որ այս գիտաժողովին մասնակցող հայ մասնագետների կողմից մենք բազմաթիվ նոր նյութեր իմացանք անտիկ և միջնադարյան բնագրերի մեկնությունների մասին, որոնք նախկինում մեզ երբևէ հայտնի չեն եղել»։

Կազմկոմիտեի անդամ, անտիկ գրականության ճանաչված մասնագետ Բորիս Նիկոլսկին կարևորեց այս գիտաժողովի կայացումը, որով փորձի փոխանակման հնարավորություն տրվեց Հայաստանի, Ռուսաստանի և այլ երկրների մասնագետների համար, ձևավորվեց մեկնողական գրականության վերաբերյալ ուսումնասիրությունների լայն շրջանակ։
Հայաստանից գիտաժողովին մասնակցում էին գիտության դոկտորներ Արամ Թոփչյանը, Գոհար Մուրադյանը, Մանեա Էռնա Շիրինյանը, Շահե Ծ. Վրդ. Անանյանը, Աննա Արևշատյանը, Արմեն Պետրոսյանը, Մատենադարանի ավագ գիտաշխատողներ Ռոմիկ Քոչարյանը և Արմինե Մելքոնյանը։
Գիտաժողովին ներկայացված նյութերը մեկ ամբողջական հատորով կհրատարակվեն հաջորդ տարի։

Կիսվել