Փետրվարի 23-ից սկսած յուրաքանչյուր հինգշաբթի մինչև ապրիլի 13-ը, ժամը 14։30 Մաշտոցյան Մատենադարանի տեսասրահում իրականացվելու է «Նորպլատոնականություն» դասախոսությունների շարք, որը ներկայացնելու է փիլիսոփայական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի Փիլիսոփայության ինստիտուտի գիտաշխատող Սվետլանա Վիկտորովնա Մեսյացը։
Դասախոսությունները նվիրված են քրիստոնեության և ողջ եվրոպական մշակույթի վրա զգալի ազդեցություն թողած նորպլատոնականությանը, որը «հին» պլատոնականության զարգացման վերջին փուլն է (Գ-Զ դդ.): Առաջարկվող դասախոսությունների ընթացքում կքննարկվի, թե ինչ է նորպլատոնականությունը, երբ և ինչպես է առաջացել փիլիսոփայական այդ ուղղությունը, կներկայացվեն տեղեկություններ դրա հիմնական ներկայացուցիչների՝ Պլոտինոսի, Պորփյուրի, Յամբլիքոսի և Պրոկղի կյանքի և գործունեության մասին:
Լինելու են տեսական և գործնական հանդիպումներ։ Գործնական դասընթացի ժամանակ քննարկվելու են հատվածներ նորպլատոնականների ամենակարևոր տեքստերի մետաֆիզիկական համակարգերի բարդ կառուցվածքը հասկանալու համար։
Քննարկվելու է նաև նորպլատոնական գաղափարների աստիճանական ներթափանցումը քրիստոնեական վարդապետության մեջ՝ անդրադառնալով Դ դարի երրորդաբանական վեճերին եւ Սբ. Դիոնիսիոս Արեոպագացու աստվածաբանությանը:
Դասախոսություններին կարելի է մասնակցել մեկ դասախոսության կամ ամբողջ շարքի այցելությամբ։ Ամբողջ շարքին (9 դասընթաց) ներկա գտնված և ակտիվ մասնակցություն ցուցաբերած ունկնդիրները կստանան վկայականներ։
Նախատեսված է փիլիսոփաների, բանասերների, պատմաբանների, ինչպես նաև անտիկ փիլիսոփայությամբ հետաքրքրվողների լայն շրջանակի համար։
— Դասախոսության տևողությունը մեկ ժամ է։
— Աշխատանքային լեզուն՝ ռուսերենը։
— Մասնակցությունն անվճար է։
Մասնակցության համար խնդրում ենք նախապես գրանցվել [email protected] էլ հասցեին ուղարկելով անուն, ազգանուն, մասնագիտություն, հեռախոսահամար։ Կամ կարող եք գրել Մատենադարանի ֆեյսբուքյան էջին։ Հարցերի դեպքում զանգահարել +374 10 513065 հեռախոսահամարով։