«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ-Ի ԱՌԱՋԻՆ ՀԻՄՆԱԴԻՐ ԺՈՂՈՎԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Հունիսի 2-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ «Հայաստանի վերականգնողների ասոցիացիա» ՀԿ-ի առաջին հիմնադիր ժողովը։ Ներկաներին ողջունեց Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանը։ Ասոցիացիայի նախագահ Գայանե Էլիազյանը բացման խոսքի ընթացքում ներկայացրեց կազմակերպության ստեղծման և գործունեության մասին:

Ասոցիացիան հիմնադրվել է 2023 թ. փետրվարին, ՀՀ-ում պատմամշակութային շարժական հուշարձանների ամրակայմամբ, վերականգնմամբ և պահպանությամբ զբաղվող վերականգնող մասնագետների նախաձեռնությամբ։

Նիստին ասոցիացիայի նպատակների և սպասվելիք ծրագրերի մասին ներկայացրեց ՀՎԱ քարտուղար Լիլիթ Բաչաչյանը։ Կազմակերպության կառուցվածքի, բաժինների մասին խոսեց ՀՎԱ հիմնադիր անդամ Աստղիկ Մելքոնյանը։ Միջազգային կապերի, արտասահմանյան գործընկերների հետ համագործակցային ծրագրերը ներկայացրեց ՀՎԱ հիմնադիր Սերգեյ Աբելյանը։ Նիստն ամփոփեց ՀՎԱ հիմնադիրներից Արտաշես Աբրահամյանը՝ ներկայացնելով վերջին երեք տարիներին կատարված աշխատանքները, որոնք դարձել են Հայաստանում վերականգնողների ասոցիացիա ստեղծելու հիմնական դրդապատճառները։ Ավարտին տեղի ունեցավ հարց ու պատասխան և քննարկում ներկաների հետ։

Նիստին ներկա էին շուրջ 80 վերականգնողներ և ոլորտով հետաքրքրված մարդիկ։ Արդյունքում 50 վերականգնող դարձավ ՀՎԱ անդամ։

***

✅Ասոցացիայի հիմնանպատակներն են.

Առանձնացնել մասնագիտական համայնքի կողից Հայաստանում մշակութային ժառանգության որակյալ և բարձր մակարդակի պահպանումը, արժևորել վերականգնող մասնագետների դերակատարումը։ Այս ասպարեզում՝ կազմակերպությունը միտված է վերհանել, վերլուծել և գնահատել, արձագանքել, լուծել ՀՀ-ում մշակութային արժեքների ամրակայման, վերականգնման և պահպանման ոլորտում առկա մասնագիտական, գիտագործնական, իրավական, սոցիալական և տեխնիկական խնդիրները:

✅Ասոցիացիան մասնավորապես նպատակադրվել է.

Քայլեր ձեռնարկել ՀՀ-ում վերականգնող մասնագետների պատրաստման, կրթական ծրագրերի մշակման և բուհական համակարգում դրանց ներդրման, վերականգնող մասնագետների մասնագիտական պատրաստության, որակավորման, վերապատրաստման, գիտահետազոտական գործունեության ծավալման ու զարգացման, ինչպես նաև՝ վերջիններիս իրավական և սոցիալական պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը:

✅ՀՎԱ-ն նպատակ ունի լինել.

Մասնագիտական գործունեության և քննարկումների հարթակ մշակութային ժառանգության ուսումնասիրության, հետազոտության, հանրահռչակման, վերականգնման, պահպանության բնագավառում գործող բոլոր կազմակերպությունների և անհատների համար:

Կիսվել