Հունիսի 21-23 Մաշտոցյան Մատենադարանում կայացավ միջնադարի մեծ մտածող, աստվածաբան, բանաստեղծ, երգահան Ներսես Շնորհալու (Կաթողիկոս Ներսես Դ Կլայեցի) մահվան 850-րդ տարելիցին նվիրված «Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» խորագրով եռօրյա հայագիտական միջազգային գիտաժողովը, որին Հայաստանից և արտասահմանից մասնակցեց 61 զեկուցող (տե՛ս գիտաժողովի ծրագիրը): Նրանք անդրադարձան Ներսես Շնորհալու կյանքին ու գործունեությանը, գրական և երաժշտական բազմաճյուղ ու հարուստ ժառանգությանը, առանձին երկերին, բնագրական, լեզվաբանական, գրական, արվեստագիտական ամենատարբեր հարցերի, այլ հեղինակների հետ ունեցած ստեղծագործական առնչություններին և այլն։
Միջոցառումների շրջանակում՝ Մատենադարանի թանգարանային մասում բացվեց «Ներսես Շնորհալու ժառանգությունը» խորագրով ցուցահանդեսը՝ 30-ից ավելի ձեռագրերի և հարակից նյութերի ցուցադրումով, որի բացմանը ելույթ ունեցավ «Գեղարդ» երգչախումբը (ղեկավար Մհեր Նավոյան) հանդես գալով Շնորհալու և Կոմիտասի ստեղծագործությունների կատարումներով։ Քանդակագործ Թերեզա Միրզոյանի դուստրը՝ Անուշ Առաքելյանը Մատենադարանին նվիրեց «Թորոս Ռոսլին» քանդակը, որը ներկայացված է ցուցահանդեսում։
Գիտաժողովի առաջին օրվա ավարտին Մատենադարանի մուտքի հարթակում հանդես եկավ Արմեն Հյուսնուցի գլխավորած ջազային քառյակը։
Նույն տեղում՝ վերջին օրը՝ «Հովել» երգչախումբը կատարեց Շնորհալու «Հավատով Խոստովանիմ» աղոթքի 24 աղոթքների համար գրված նոր մեղեդիներ։
Բոլոր միջոցառումներն իրականացան Մատենադարանի կազմակերպմամբ։
Շնորհակալություն ենք հայտնում գիտաժողովի բոլոր մասնակիցներին և այն կառույցներին, որոնք գործակցեցին տարբեր հարցերում՝
Picsart Ակադեմիային ցուցահանդեսին առընթեր հուշանվերների դիզայներական աշխատանքներում կամավորության սկզբունքով աջակցելու համար,
«Կարաս» գինիրների ընկերությանը և Ֆրանս-Հայկական Մասնագիտական Ուսումնական Կենտրոն Հիմնադրամ CEPFA-ին՝ հյուրասիրության համար։
Գիտաժողովի լուսանկարները (բոլոր զեկուցողներին) կարող եք տեսնել հետևյալ հղումներով՝