ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ԵՎՐՈՊԱ-ՀԱՅԱՍՏԱՆ. ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐՆ ԱՐՎԵՍՏՆ Է» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Սույն թվականի օգոտոսի 26-ին, Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Մաշտոցյան Մատենադարանում բացվեց «Եվրոպա-Հայաստան. հանդիպման վայրն արվեստն է» խորագրով ցուցահանդես, որը նվիրված է XVII-XIX դարերի հայ գրքարվեստում, մասնավորապես՝ ձեռագրերում եվրոպական արվեստի ազդեցությանը։

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ողջունեց ներկաներին և իր խոսքում մասնավորապես նշեց, որ եվրոպական ժառանգությունը մտքի ազատության և որոնման ոգու խորհրդանիշ է, և այդ իմաստով դժվար է պատկերացնել մեր երկրում մեկ այլ գիտամշակութային կառույց, քան Մատենադարանը, որ կարող է այդ հատկանիշներին համարժեք խորհրդանիշ լինել։

Ելույթով հանդես եկավ նաև Մատենադարանի թանգարանային մասի ղեկավար Նազենի Ղարիբյանը՝ հյուրերին ներկայացնելով ցուցահանդեսի գաղափարն ու կառուցվածքը։ Շնորհակալություն հայտնեց աշխատանքային խմբին, որոնց մասնագիտական հմտությունների և բարեխիղճ աշխատանքի շնորհիվ այն իրականացվեց։

Ցուցահանդեսը կառուցված է պատկերագրական մի քանի թեմաների շուրջ, որոնք հաջորդաբար ներկայացված են առանձին ցուցափեղկերով՝ մանրանկարներում, հնատիպ գրքերում և արծաթյա կազմերի հարդարանքում։ Զարդանախշային ձևավորման որոշ տարրեր արտացոլված են հավաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյանի անձնական հավաքածուից ցուցադրվող ասեղնագործ նմուշներում։ Շարքն ամփոփվում է Հայաստանի Ազգային պատկերասրահի հավաքածուին պատկանող Հակոբ Հովնաթանյանի «Շուշանիկ Նադիրյանի դիմանկարը» գեղանկարով։

Ցուցահանդեսին աջակցելու համար շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի ազգային պատկերասրահին, Հայաստանի ազգային գրադարանին, հավաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյանին, ինչպես նաև Մատենադարանի գործընկեր և բարեկամ «Արմենիա Վայն» գինեգործարանին։

Ցուցահանդեսը կգործի մինչև սույն թվականի նոյեմբերի 31-ը:

Կիսվել