ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՑՈՒՑԱԿ ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԴԻՒԱՆԻ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՈՒԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՐԽԻՒԻ» ՄԱՏԵՆԱՇԱՐԻ Ա ՀԱՏՈՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մատենադարանի համագործակցությամբ հրատարակված «Ցուցակ կաթողիկոսական դիւանի Մաշտոցի անուան Մատենադարանի արխիւի» մատենաշարի Ա հատորի շնորհանդեսը: Սույն հատորի լույսընծայմամբ ազդարարվեց կոթողային մատենաշարի մեկնարկը։
Կաթողիկոսական դիվանի Ա հատորի շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես եկան «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի և Մայր աթոռի հրատարակչական բաժնի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը։ Հատորը ներկայացրեցին Մատենադարանի առաջատար գիտաշխատող Քրիստինե Կոստիկյանը և Մատենադարանի արխիվի և արխիվագիտության բաժինների ղեկավար Արմեն Մալխասյանը։
Հայագիտության ոլորտում և Մաշտոցյան Մատենադարանի գործունեության մեջ նշանակալի ավանդի և ծննդյան 60-ամյակի առթիվ տնօրեն Արա Խզմալյանը «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով պարգևատրեց հատորի համահեղինակ և գլխավոր խմբագիր Արմեն Մալխասյանին։

Կիսվել