«ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԲԱՑԱՌԻԿ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒՄ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Նոյեմբերի 24-ին Մաշտոցյան Մատենադարանում կայացավ «Մատենադարան․ լուսանկարչական գանձարանի հայտնությունը» խորագրով բացառիկ ցուցադրության բացումը։
Հյուրերն առաջին անգամ հնարավորություն ունեցան տեսնելու Մատենադարանի տարբեր հավաքածուներում հայտնաբերված այնպիսի լուսանկարներ, որոնք պատմական, գեղարվեստական, աղբյուրագիտական, արվեստաբանական և ազգագրական տեսանկյունից առանձնահատուկ կարևորություն ունեն: Մատենադարանի գիտացուցադրական պատմության մեջ աննախադեպ էր հին լուսանկարների վերհանումն ու հանրայնացումը։ Ժամանակակից տեխնոլոգիաներն էլ այդ լուսանկարները նոր շունչ ու կենդանություն են հաղորդել։
Արժևորելով այդ հսկայական ժառանգությունը՝ երեկոյի հյուրերին ներկայացվեց նաև Մատենադարանի ավագ գիտաշխատող, ցուցադրության համադրող Իվեթ Թաջարյանի երկարամյա ուսումնասիրության արդյունքում ծնված «Լուսանկարների ընտրանի Մաշտոցի անվան Մատենադարանի հավաքածուներից» պատկերագիրքը։
Այսօրվանից ցուցադրությունը բաց է բոլորի համար։ Այցելուները պատմական լուսանկարչական արվեստին ծանոթանալուն զուգահեռ, կարող են նաև լուսանկարվել հնատիպ ավանդույթով` անձնական ալբոմում պահելով թանկ ու գեղեցիկ հուշ։

Կիսվել