Հայաստանի ժողովրդական նկարչի քանդակների ցուցասրահում տեղի է ունեցել «Ղուկաս Չուբարյան 100. ցուցահանդեսի կատալոգի» շնորհանդեսը: Նախաձեռնությունը քանդակագործի դուստր Անուշ Չուբարյանինն է: Գաղափարի իրագործմանն աջակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու Ազգային պատկերասրահը: Կատալոգը ներառում է արվեստագետի կյանքի կարևոր շրջափուլերը ներկայացնող շուրջ 30 քանդակների պատկերներն ու արխիվային լուսանկարները:
Ներկաներին ողջունել է Մատենադարանի տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանը, ելույթ են ունեցել նաև քանդակագործի դուստրը՝ Անուշ Չուբարյանը, ՀՀ Ազգային պատկերասրահի քանդակի բաժնի վարիչ Մարիամ Դավթյանը, պատկերագրքի դիզայներ-կազմող Օքսաննա Լեբեդևա Սկաչկոն:
Քանդակագործի ընտանիքի որոշմամբ ցուցադրությանը ներկայացված Մովսես Խորենացու, Անանիա Շիրակացու և Թորոս Ռոսլինի քանդակներն ընծայաբերվել են Մատենադարանին:
Պատկերագիրքը հնարավոր կլինի ձեռք բերել Մատենադարանի և Ազգային պատկերասրահի կրպակներից: