ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ Է

2024 թ․ մարտի 18-19-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պատվիրակությունը՝ տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ, այցելել է Թբիլիսիի Կորնելի Կեկելիձեի անվան ձեռագրերի ազգային կենտրոն։

Տնօրեն Զազա Աբաշիձեն ողջունելով պատվիրակությանը՝ անդրադարձ է կատարել կենտրոնի և Մատենադարանի համագործակցության պատմությանը, ներկայացրել հայագիտական բաժնի գործունեությունը և շնորհակալություն հայտնել պատասխան այցի համար։

Քննարկման արդյունքում որոշվել է առաջիկայում նախաձեռնել հայ-վրացական աշխատաժողովներ, համատեղ ջանքերով հրատարակել կենտրոնում պահպանվող հայերեն ձեռագրերի և փոխադարձաբար՝ Մատենադարանում պահպանվող վրացերեն ձեռագրերի ցուցակները, համագործակցել ապագայում ներդրվող մագիստրոսական ծրագրի և երիտասարդ կարդերի վերապատրաստման շրջանակում։

Առաջիկայում նախատեսվում է կենտրոնի հայագիտական բաժնի աշխատակիցների մեկշաբաթյա այց Երևան, ինչպես նաև տնօրեն Զազա Աբաշիձեի մասնակցությունը հուլիսին կայանալիք Միջազգային հայագիտական կոնգրեսին։

Կիսվել