2024 թվականին լրանում է Մատենադարանի երիտասարդական ամենամյա գիտաժողովի 10-րդ
հոբելյանական տարին։ Գիտաժողովը փաստել է իր արդյունավետությունն ու բարձր որակը։ Հաշվի առնելով գիտաժողովի բնույթը և կարևորությունը, ինչպես նաև Մաշտոցյան Մատենադարանի դերը հայ միջնադարագիտության բնագավառում՝ որոշվել է ընդլայնել գիտաժողովի շրջանակը: Այն այս տարվանից կանցկացվի նոր՝ «Մատենադարանի միջնադարագիտական գիտաժողով» խորագրով։
Մատենադարանի միջնադարագիտական գիտաժողովը տեղի կունենա 2024 թ․ նոյեմբերի 28-30-ը։
Միջնադարագիտական ուղղվածությամբ միջազգային այս գիտաժողովն արդեն 10-րդ անգամ Մաշտոցյան Մատենադարանի հարկի տակ է ընդունելու հետազոտողների հայաստանյան և արտասահմանյան
գիտակրթական տարբեր հաստատություններից։ Այն լայն հնարավորություն է ընձեռում հայագիտության տարբեր բնագավառներում մասնագիտացող հետազոտողներին՝ ներկայացնելու իրենց ընթացիկ կամ ավարտուն ուսումնասիրությունները և մշակելու համատեղ գիտական նախագծեր և այլն։
Գիտաժողովի թեմատիկ ուղղություններն են՝
— ձեռագրագիտություն և գրչության կենտրոնների պատմություն,
— աղբյուրագիտություն, պատմագիտություն,
— հայոց լեզվի պատմություն,
— հայ գրականության պատմություն,
— արվեստագիտություն,
— արևելագիտություն,
— աստվածաբանություն, կրոնագիտություն:
Գիտաժողովին մասնակցելու համար՝
1. Մինչև սույն թվականի սեպտեմբերի 10-ը գիտաժողովի կազմկոմիտեին պետք է ներկայացնել
զեկուցման հիմնադրույթները 350-400 բառի սահմաններում՝ ներառյալ զեկուցման թեման, մասնակցի անունը և ազգանունը, ինչպես նաև այն հաստատությունը, որը ներկայացնում է մասնակիցը (անկախ հետազոտողները նույնպես կարող են մասնակցել): Հիմնադրույթները պետք է արտացոլեն ներկայացվելիք զեկուցման հիմնական գաղափարը և ուսումնասիրության նպատակը:
Հիմնադրույթներն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ. հասցեին:
2. Ներկայացված հայտերի ընտրությունը տեղի կունենա մինչև սույն թվականի հոկտեմբերի 15-ը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. հայտերի թվաքանակով պայմանավորված` գիտաժողովի նախապատվությունը
տրվելու է միջնադարագիտական թեմաներին և գիտական նորույթին։
Մատենադարանի միջնադարագիտական գիտաժողովի կազմկոմիտե