ՉԱՐՍԱՆՋԱԿԻ ԱՎԵՏԱՐԱՆ

Չարսանջակի Ավետարան Ձեռագիրը ընդօրինակել է Սիմեոն Վարդապետը 1471 թվականին Երուսաղեմում։ Ձեռագիրը տարվել է Արևմտյան Հայաստան և պահվել Չարսանջակ շրջանի Կոտառիչ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցում: Ձեռագիրը պատված է կրկնակի արծաթյա կազմով, որի առջևում պատկերված են Քրիստոսի խաչելությունը, հետևում՝ չորս ավետարանիչները։ Եկեղեցին դարձել էր ուխտատեղի քրիստոնյա հայերի և մուսուլման քրդերի համար, ովքեր հավատում էին նրա բուժիչ ուժին և հրաշքներ գործելուն: 1915 թվ․ Հայոց ցեղասպանության ժամանակ Սուրբ Գիրքը կործանումից փրկել է Չարսանջակից մի հավատացյալ, որի անունը պատմության մեջ անհայտ է։ Նա փրկում է ձեռագիրը և ոտքով ճանապարհվում դեպի Երևան՝ ամիսներ շարունակ ձեռագիրը պաշտպանելով վնասվելուց: Չարսանջակի Լուսադառիչ գյուղից 15 կանանց ու երեխաներից բաղկացած Դադայեան ընտանիքը Եղիսա մայրապետի գլխավորությամբ նույնպես գաղթում է Երևան։ 1918 թվականին, ձեռագրի փրկարարը մահացու հիվանդանում է և հոսպիտալացվում։ Իմանալով, որ Եղիսան, որին ճանաչում էր Չարսանջակից, հիվանդանոցում բուժքույր է աշխատում և կարելի է նրան վստահել Սուրբ Գիրքը, տալիս է նրան ի պահ։ Շուտով նա մահանում է և Եղիսան դառնում է Սուրբ գրքի պահապանը, ով այն պահպանում է մինչև կյանքի վերջ: 1922 թվականին Դադայեանների ընտանիքը գաղթում է Մարսել, Ֆրանսիա։ Եղիսայի որդին՝ Հովհաննեսը (Ջոն) ավելի վաղ մեկնել էր ԱՄՆ։ Եղիսան, 1933 թվականին, ձեռագիրը իր մոտ պահելով, միանում է Ջոնին և նրա կնոջը՝ Արաքսիին Դևենպորտում, ԱՄՆ։ Եղիսայի և Հովհաննեսի մահից հետո Արաքսին Ավետարանը տանում է Կալիֆորնիա՝ միանալով իր զավակներին՝ Հելենին և Հրայրին։ 1990 թվականին Արաքսիի մահից հետո Ավետարանը մնում է Հելենի մոտ: Ավետարանը փրկվելով եկեղեցու ավերումից, փոթորիկներից, երկրաշարժերից և այլ բնական աղետներից, 2017 թվականին վերջնականապես գտնում է իր հանգրվանը։ Հելէն Դադայեան Փառնակեանն ու Հրայր Դադայեանը որոշում են Ավետարանը նվիրել Մաշտոցյան Մատենադարանին։

Կիսվել