2024 թ. հուլիսի 19-22-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում հրավիրվում է Միջազգային հայագիտական առաջին կոնգրեսը:
Կոնգրեսի շրջանակում կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ՝ համաժողով, գրքի շնորհանդես, կլոր սեղան-քննարկումներ, մշակութային ծրագիր և «Գրատոն»՝ հայագիտական գրքի միջազգային առաջին էքսպո-տոնավաճառը:
Առաջին անգամ կազմակերպվող հայագիտական գրքի էքսպո-տոնավաճառի շրջանակում կներկայացվեն Հայաստանի և Սփյուռքի պետական ու մասնավոր շուրջ երկու տասնյակ հրատարակչությունների, թանգարանների ու տարբեր ինստիտուտների վերջին 5 տարիների հայագիտական հրատարակությունները: Միջազգային հայագիտական գրատոնը հրաշալի առիթ է հրատարակությունների միջոցով ներկայացնելու հայագիտության ոլորտում իրականացվող ուսումնասիրությունները:
«Գրատոն»- հայագիտական գրքի միջազգային էքսպո-տոնավաճառն անցկացվելու է 2024 թ. հուլիսի 19-ին, ժամը 10.00-18.00 Մատենադարանի թանգարանային մասնաշենքի հարակից տարածքում:
Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու և ձեռք բերելու հայագիտական, միջնադարագիտական, պատմագիտական, արվեստաբանական, ձեռագրագիտական, աստվածաբանական, գրական-գրականագիտական, լեզվաբանական, բժշկագիտական, տոմարագիտական, արևելագիտական, իրավունքի ու տնտեսության պատմության նոր ու արժեքավոր գրքեր: