Ցուցահանդեսին կհաջորդի բացօթյա համերգային ծրագիր՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ
Ցուցահանդեսի բացումը՝ 20.00
Համերգի սկիզբը՝ 21.00
Հավաքչական գործունեությունը բոլոր ժամանակներում եղել է Մատենադարանի առաքելությունը, և այդ առումով բավական արդյունավետ է եղել նաև 2023 թ. հուլիսից-2024 թ. հուլիսն ընկած ժամանակահատվածի հավաքչական գործունեությունը: «1 տարվա ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆԸ» ցուցադրությունը հաստատումն է այն իրողության, որ ձեռագրերի, արխիվային փաստաթղթերի ու հնատիպ գրքերի տունդարձը շարունակում է մնալ Մատենադարանի գերակա նպատակը:
Համալրումներն արդյունք են պետական կառույցների, մասնավոր կազմակերպությունների և բարերար անհատների հետ սերտ համագործակցության, Մատենադարանի սեփական միջոցների հաշվին աննախադեպ ձեռքբերումների, հանրային իրազեկման և տեղեկատվական արշավների իրականացման նոր ռազմավարության:
Հնագույն պատառիկներ, բացառիկ ձեռագրեր ու լուսանկարներ, առանձնապես արժեքավոր ու հազվագյուտ փաստաթղթեր. այս ամենի հատընտիր նմուշներն են ներկայացված ցուցադրության մեջ: Դրանք մեզ են հասել պատմական իրադարձությունների բոլոր հետքերով ու հետևանքներով և առաջիկայում անցնելու են կոնսերվացման ու վերականգնման համապատասխան միջոցառումներով:
Մետանադարան մուտք գործած ամեն մի ձեռագիր հերթական վավերացումն է հավաքական հիշողության անընդմեջության: Տարիների ընթացքում ձեռագրի նվիրաբերումը ձեռք է բերել սակրալ իմաստ: Մատենադարան մուտք գործած ամեն մի մատյան հայտնվում է պրոֆեսիոնալ խնամքի ու հոգածության հավերժական դաշտում:
«1 տարվա ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆԸ» ցուցադրությունը Մատենադարանի տնօրենության հավաքական շնորհակալությունն է ՀՀ պետական մարմիններին ու բարերարներին և միասնական ուղերձը՝ միանալու ձեռագրերի տունդարձի մեծ ընթացքին:
Երեկոն կամփոփվի Մատենադարանի հարակից տարածքում տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը։ Կհնչեն հայկական և եվրոպական դասական ստեղծագործություններ։