ՕԽՈՒԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ

Մատենադարանում պահվող առեղծվածային վերապրումի պատմությամբ, ճոխ մանրանկարչական հարդարանք ունեցող ձեռագրերից է Օխուի Ավետարանը։
Այն հայկական մանրանկարչության դեռևս չբացահայտված կարևոր նմուշներից է, որն իր հարուստ պատկերաշարով ներկայացնում է գեղարվեստական մեծ արժեք։ Ավետարանի ուշագրավ առանձնահատկություններից են էջով մեկ արված 30-ից ավելի մանրանկարները։ Ձեռագրի հարուստ տերունական շարքը ներառում է և՛ կանոնական ավետարանական, և՛ հիմնական նկարաշարից դուրս տեսարաններ, ինչպես նաև, չորս ավետարանիչների պատկեր, չորս անվանաթերթ, բազմաթիվ գունավոր և անգույն լուսանցազարդեր։
Պահպանված հիշատակարանները, որոնք գրվել են հետագայում, տեղեկություններ չեն հաղորդում ոչ ստեղծման վայրի, ոչ գրչի, ոչ էլ ծաղկողի մասին։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Ավետարանն առավել սերտ առնչություն ունի 16-17դդ. մեծանուն մանրանկարիչ Հակոբ Ջուղայեցու արվեստի հետ և, հավանաբար, որոշ մանրանկարներ նրա վրձնին են պատկանում։
Օխուի Ավետարանի շուրջ մշտապես հրաշապատում զրույցներ են պտտվել, համբավը տարածված էր ոչ միայ հայերի, այլ նաև հավատացյալ քրդերի շրջանում։ Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր նահանգի Օխու գյուղի պատվին անվանակոչված Ավետարանը պահվում էր Մուրադենց գերդաստանում։ 1895թ.-ի հայոց կոտորածի ժամանակ մատյանը հայտնվում է Մավալի անունով մի քրդի ձեռքում, սակայն վերադարձվում է տիրոջը՝ երկնային պատժից խուսափելու համար։ Մեծ եղեռնի տարիներին Մավալին մեկ անգամ ևս տեր է դառնում այս մասունքին, սակայն նորից վերադարձնում է, երբ տեղեկանում է, որ Մուրադենց գերդաստանի Մելքոն զավակը բնակություն է հաստատել Հալեպում։ Նվիրական ձեռագիրը Մելքոնը կտակում է որդուն՝ Մանուկ Մարգարյանին, ով և 1983թ-ին, զառամյալ տարիքում, ԱՄՆ-ից սրբազնագույն մասունքը բերում է Երևան և ի պահ տալիս Մաշտոցյան Մատենադրանին։
Արյան ու կրակի միջով անցած հուշարձանը որոշ չափով վնասված է, ներքևի լուսանցքային հատվածը մի քիչ այրված է, որից նրա պատմական արժեքն էլ ավելի է մեծանում։

Կիսվել