«ՀԱՅՍՄԱՎՈՒՐՔ» ԾԻՍԱՄԱՏՅԱՆ

Ձեռագրական արվեստում ինքնատիպությամբ առանձնանում է նաև «Հայսմավուրքը», որն ունի ծիսական նշանակություն և պատմում է սրբերի վարքի ու վկայաբանությունների մասին։

Ձեռագրի կազմավորմանը նպաստել է Հունաց Հայսմավուրքի հայերեն թարգմանությունը (991թ․) Հովսեփ Կոստանդնուպոլսեցու կողմից։ Այս թարգմանության հիման վրա էլ կազմվել են Հայկական Հայսմավուրքների հետագա 4 խմբագրությունները։ Ըստ առկա ձեռագրական ժողովածուների պատկերի, դրանք բաժանվում են պատմական անձնավորությունների անունների հետ կապվող 4 խմբերի՝ Տեր Իսրայելի, Կիրակոս Արևելցու, Գրիգոր Անավարզեցու, Գրիգոր Ծերենց Խլաթեցու։

Հայոց «Հայսմավուրքը» կազմավորվել է 5-15-րդ դդ․ ընթացքում՝ Սողոմոն Մաքենացու, Գագիկ վարդապետի (9-10դդ) և Ատոմ եպիսկոպոսի (10դ) ջանքերով։ Հայ «Հայսմավուրքի» հիմք է հանդիսացել «Ճաշոցը», սակայն այն «Հայսմավուրք» չդարձավ իր ամենօրյա տոնակարգով։

Գրիգոր Բ Վկայասերի օրինակով, Կիրակոս Արևելցին իր «Հայսմավուրքի» համար ընտրել է հայկական ամսակարգը՝ տոնաշարը սկսելով օգոստոսի 11-ից, որով էլ ազգային նկարագիր տվեց համաքրիստոնեական ժողովածուին։

Մատենադարանում պահպանվում է «Հայսմավուրքի» ամբողջական ձեռագրի շուրջ 300 օրինակ։

Կիսվել