ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Տնօրեն Արա Խզմալյանի և Ֆրանսիայի ազգային ժառանգության ինստիտուտի տնօրեն Շառլ Պերսոնազի պայմանավորվածության համաձայն՝ Հայաստան են ժամանել լուսանկարների վերականգնման մասնագետներ, ովքեր Մատենադարանում վարպետության դասեր են վարում ֆոնդապահ-վերականգնողների համար։

Արխիվային մի հավաքածուի օրինակով նրանք ցուցադրում են հին լուսանկարների պահպանման առանձնահատկությունները՝ լուսանկարչական տեխնիկայի պատմական զարգացումը, լուսանկարների հիմնական տիպաբանությունը, հին ու ժամանակակից նյութերի նույնականացումը, աղավաղման հիմանական մեխանիզմների բնութագրումը, պահպանման կանխարգելիչ հիմնարար մեթոդները։

Հիշեցնենք, որ Մատենադարանում, ի թիվս ձեռագրային և արխիվային արժեքների, պահպանվում են նաև լուսանկարների եզակի հավաքածուներ, որոնք հանրության ուշադրությանն են ներկայացվել «Ոգեղեն իրեր, հավերժական պատկերներ» և «Մատենադարանի լուսանկարչական գանձարանը» խորագրերով ցուցադրությունների ժամանակ։

Հայ-ֆրանսիական արդյունավետ համագործակցության մեկնարկը տրվել էր Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի գործուն մասնակցությամբ։

Կիսվել