ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մատենադարանի գրավոր հարուստ ժառանգության ինքնատիպ միավորներ են մեկնությունները։ Դրանք համարվում են եկեղեցական մատենագրության առանձին ճյուղ։

Հայ մատենագրության մեջ պահպանված մեկնությունները հիմնականում վերաբերում են Աստվածաշնչի առանձին գրքերին։ Օտար մասնագետների կարծիքով՝ արևելաքրիստոնեական գրականության մեջ մեկնաբանական գրականությամբ ամենահարուստը հայ գրականությունն է։ Պատահական չէ, որ մեկնողական երկերի թարգմանության գործը սկսվել է Սուրբ Գրքի հայերեն թարգմանության հետ միաժամանակ։ Ըստ Կորյունի՝ հայ վարդապետները Սուրբ Գրքից շատ մեկնություններ են թարգմանել։

Հայ իրականության մեջ մեկնություններ են հեղինակել Եղիշեն, Ստեփանոս Սյունեցին, Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Ներսես Լամբրոնացին, Վարդան Արևելցին, Սարգիս Կունտը, Գրիգոր Տաթևացին, Հովհան Որոտնեցին և ուրիշներ։

Մեկնություններն ունեն հանրագիտարանային բնույթ, քանի որ Սուրբ Գիրքը մեկնաբանվել է տարաբնույթ փաստերի՝ աստվածաբանական, պատմական, լեզվական, աշխարհագրական համակողմանի բացատրությամբ։ Հայ մեկնողական արվեստում կիրառվել է մեկնությունների երկու եղանակ՝ տառացի և այլաբանականը, որոնք իրարից զատվում էին Սուրբ Գրքի բովանդակության այլաբանական վերհանմամբ կամ ուղղակի, առարկայական իմաստի բացատրությամբ։

Միջնադարյան մեկնողական գրականության մեջ տարածված էին նաև ծիսամատյանների (Ժամագիրք, Խորհրդատետր), ինչպես նաև եկեղեցու հայրերի տարբեր ստեղծագործությունների մեկնությունները։

Մատենադարանի ձեռագրապահոցում պահվում է մեկնությունների հարուստ հավաքածու։

Կիսվել