
Տոկիոյի Համալսարանի պրոֆեսոր, արևելագետ Տոմոկո Մորիկավայի և Մատենադարանի Արևելագիտության բաժնի միջև համագործակցության արդյունքում հրատարակվել է “Orient” (Արևելք) ամսագրի 2024 թ․ երկրորդ համարը, որն ամբողջությամբ նվիրված է հայագիտությանը և կրում է «Հայերն Արևելքում» խորագիրը։
Ամսագրի այս համարի մեջ ընդգրկված են Մատենադարանի Արևելագիտության բաժնի աշխատակիցներ Էլինա Ղազարյանի, Անահիտ Թովմասյանի, Իվեթ Թաջարյանի և նրա ասպիրանտ Գրետա Գասպարյանի, ինչպես նաև ճապոնացի հայագետներ Նոբուտակա Նակամաչիի, Հիսաշի Յակուի, Շինյա Շիոնազաքիի և Տոմոկո Մորիկավայի հոդվածները՝ նվիրված հայոց պատմության զանազան հարցերի ուսումնասիրությանը։ Համարն ունի նաև առաջաբան, որում հոդվածների խմբագրման ու գրախոսման աշխատանքները ղեկավարող Տոմոկո Մորիկավան և Մատենադարանի Արևելագիտության բաժնի վարիչ Քրիստինե Կոստիկյանը ամփոփ ներկայացնում են հայագիտության վերջին շրջանի ձեռքբերումները և զարգացման հիմնական ուղղությունները:
