ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻՆ ՀԱՅ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏՈՒՄ» ԳԻՐՔԸ

Գրիգոր Նարեկացին հայ ձեռագրական արվեստում. Ալբոմ-ուսումնասիրություն
Ս. Մանուկյան, Դ. Ղազարյան,  Երևան, «Նաիրի» հրատարակչություն, 2016 թ., 120 էջ

Հոկտեմբերի 28-29-ը Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցած «Նարեկացիական ընթերցումներ» միջազգային երկրորդ գիտաժողովի ընթացքում տեղի ունեցավ «Գրիգոր Նարեկացին հայ ձեռագրական արվեստում» գրքի շնորհանդեսը: Ալբոմ-ուսումնասիրությունը հեղինակել են արվեստաբանական գիտությունների թեկնածուներ Սեյրանուշ Մանուկյանը և Դավիթ Ղազարյանը. վերջինս նաև Մատենդարանի աշխատակից է: Գրքում ներկայացված է մեծագույն բանաստեղծ, խոշոր հոգևորական գործիչ Գրիգոր Նարեկացու պատկերազարդումը հայ ձեռագրական արվեստում: Մեկ կազմի ներքո են հավաքված Նարեկացուն պատկերող մանրանկարների մինչ այժմ հայտնի գրեթե բոլոր օրինակները (ԺԳ-ԺԹ դդ.), որոնց զգալի մասն առաջին անգամ է հրապարակվում: Վերջիններիս պատկերման առանձնահատկությունների և արվեստաբանական վերլուծությունների միջոցով հեղինակները ներկայացնում են Գրիգոր Նարեկացուն հայ մանրանկարչության համատեքստում: Հեղինակներից Սեյրանուշ Մանուկյանը ներկայացրել է «Գրիգոր Նարեկացու պատկերը հայկական մատյաններում», իսկ Դավիթ Ղազարյանը՝ «Գրիգոր Նարեկացին ժապավենաձև գեղարվեստական հարդարանքներում» թեմաները: 120 էջից բաղկացած ալբոմում առանձին մաս է կազմում պատկերաշարը, որտեղ ներկայացած են և՛ ձեռագիր մատյաններում, և՛ ժապավենաձև հմայիլներում առկա  Նարեկացու պատկերները:
Գիրքը նվիրվում է անվանի գիտնական, նարեկացիագետ Հրաչյա Թամրազյանի հիշատակին: Այն հրատարակվել է «Անկախության Նարեկացին» ծրագրի շրջանակներում, որն իրականացրել է «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն՝ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից  ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և  Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

Կիսվել