2017 թվականի ապրիլի 4-7 Նարեկացու «Մատեան ողբերգութեան» երկի լատվիերեն ծաղկաքաղ թարգմանության շրջանակներում (թարգմանիչ՝ հայագետ Վալդա Սալմինյա) ՀՀ Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի դեսպանության (ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյան), Ռիգայի համալսարանի նախաձեռնությամբ անցկացվեցին Նարեկացիական օրեր: Ապրիլի 4-ին Ռիգայի համալսարանի գիտական գրադարանի, «Յումավա» հրատարակչատան եւ դեսպանության նախաձեռնությամբ կայացավ գրքի շնորհանդեսը եւ «Արմենպրես» գործակալության հետ համատեղ հայ եկեղեցիների լուսանկարների ցուցահանդեսը: Ելույթներով հանդես եկան ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, Մատենադարանի ավագ գիտաշխատող Արուսյակ Թամրազյանը եւ այլոք:
«Մեզ համար առանձնահատուկ նշանավորվում է մշակութային այս տոնակատարությունը՝ նկատի ունենալով իր՝ Նարեկացու վերաբերմունքն իր երկերի՝ որպես հավերժ հնչող, կենդանի էությունների հանդեպ… «Մատեանը» հագեցած է նոր բառաբարդումներով՝ բանաստեղծական աննախադեպ վարպետության օրինակներով, սրանց զուգորդման ռիթմազանգվածներով, հնչյունային կուտակումներով: Որպես բանաստեղծ-բառաստեղծ, բառիս ուղիղ իմաստով, Նարեկացին կերտում է ռիթմական-ձայնային մեղեդիների նրբագույն անոթներ, ապշեցուցիչ խորության ու գեղեցկության բանաստեղծական «կաղապարներ»: Այս տեսակետից նման գործի թարգմանության ձեռնարկումն իրոք ստեղծագործական սխրանք է: Եվ այստեղ ցանկացած թարգմանություն դառնում է առաջին հերթին համահեղինակություն… Եվ այսօր «Մատեան»-ի իմաստները «բուրում» են իր՝ հեղինակի ձեւակերպմամբ նոր լեզվի նոր մեղեդիներում: Եվ ուրեմն թող եւ այս թարգմանությունը մշտնջենավոր ձայն արձակող լուսակիր էություն դառնա «Մատեանի» աղոթքների բազմաձայնության մեջ»,- նշեց Արուսյակ Թամրազյանը:
Ապրիլի 5-6-ին Լատվիայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում կայացավ գիտաժողով «Գրիգոր Նարեկացի. համամարդկային բանալի Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ» խորագրով:
Մասնակիցների թվում էր երաժշտագետ, նվագավար, դոկտոր Հայկ Սրկ. Իւթիւճեանը (Չեխիա), որ ներկայացրեց «Դեպի Ս. Գրիգոր Նարեկացու տաղերի նոր խմբագրություն» զեկույցը՝ տաղերի քննական բնագրերի նոր հրատարակության վրա կատարվող իր աշխատանքներն ու բացահայտումները, որդեգրած խմբագրական սկզբունքները, սրանց թվում տաղերի խազային պատկերների ընձեռած հնարավորությունների օգտագործումը:
Աբրահամ Տերյանը (ԱՄՆ) հանդես եկավ «Սահմանների ընդլայնում — Ս. Գրիգոր Նարեկացու խորհրդական աստվածաբանությունը» զեկույցով՝ անդրադառնալով Նարեկացու միջինպլատոնական (Փիլոն Ալեքսանդրացի), հայրաբանական (Կապադովկյան հայրեր), սուրբգրային (Ծննդոց, Հոբի, Եզեկիելի եւ Երգ Երգոցի գրքերը, Հովհաննու Ավետարանը) ակունքներին:
Հայագետ, Նարեկացու լատվիերեն թարգմանության հեղինակ Վալդա Սալմինյան անդրադարձավ Նարեկացու բառաշխարհին, պատկերամտածողությանը, կիրառած լեզվական հնարանքներին (հարակրկնություններ, առձայնույթներ, բաղաձայնույթներ եւ այլն) եւ սրա հետ կապված իր թարգմանական աշխատանքներին:
Հայագետ, Օքսֆորդի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Թեո Մաարտըն Վան Լինտը անդրադարձավ «Մատեան ողբերգութեան» ՂԲ Բանի և Ջոն Դոնի (1573-1631) «Ում մահն է գուժում զանգը» (աղոթքներ անսպասելի դիպվածների առթիվ, XVIII) երկի զուգահեռներին։
Արուսյակ Թամրազյանը ներկայացրեց Գրիգոր Նարեկացու կյանքն ու գործունեությունը, Նարեկյան դպրոցի «բնագրային տարածության» ընդհանուր նկարագիրը, այս համատեքստում Գրիգոր Նարեկացու լեզվական տարերքի, լեզվի եւ տեսիլքի միաձուլման որոշ առանձնահատկություններ (ձայնապատկերներ, հնչյունային յուրահատուկ լուծումների, հնարանքների միջոցով պատկերների «շոշափելիություն» եւ այլն):
Նարեկացիական օրերը պսակվեցին Ռիգայի Տաճարում Նարեկացուն նվիրված համերգով, Ռիգայի ազգային ռադիոյի երգչախմբի, Աննա Մայիլյանի եւ այլոց մասնակցությամբ։ Համերգի ընթացքում հնչեցին հայ հոգեւոր երաժշտության նմուշներ, Ալֆրեդ Շնիտկեի երգչախմբային կոնցերտը՝ հիմնված Գրիգոր Նարեկացու «Մատեանի» երրորդ գլխի քաղումների վրա (ռուսերեն թարգմանությունը՝ Ն. Գրեբնյովի):