ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՔՐԻՍՏԻՆԵ ԿՈՍՏԻԿՅԱՆԻ «ՑՈՒՑԱԿ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՐՍԿԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Քրիստինե Կոստիկյան, «Ցուցակ Մատենադարանի պարսկերեն ձեռագրերի», Երևան, «Նաիրի» հրատարակչություն, 2017 թ., 348 էջ

  Մատենադարանի Արաբատառ ձեռագրերի նկարագրության և ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական պ.գ.թ. Քրիստինե Կոստիկյանի հեղինակած «Ցուցակ Մատենադարանի պարսկերեն ձեռագրերի» հատորն ընդգրկում է Մատենադարանում պահվող 450 պարսկերեն ձեռագրերի նկարագրությունը: Հեղինակի կողմից աշխատանքը կատարվել է 2005-2016 թթ.` առաջնորդվելով իսլամական ձեռագրերի նկարագրության ու ձեռագրացուցակների պատրաստման ժամանակակից սկզբունքներով: Գիրքը նախատեսված է ձեռագրագետների, իրանագետների և իսլամագետների համար: Հաշվի առնելով անգլերենի տարածվածությունն աշխարհում և հատկապես իրանագետների հետաքրքրությունը Մատենադարանի պարսկերեն ձեռագրերի նկատմամբ` ձեռագրացուցակը պատրաստվել է անգլերեն լեզվով: Մատենադարանի արաբատառ ձեռագրերի ֆոնդում պահվող պարսկերեն ձեռագրերի լիարժեք ուսումնասիրության նպատակով օգտագործվել են ոչ միայն աշխարհի տարբեր ձեռագրական հավաքածուների ձեռագրացուցակները և Ա. Մոնզավիի կազմած պարսկերեն ձեռագրերի համահավաք կատալոգները, այլև առանձին ձեռագրերի նյութը համեմատվել է Քեմբրիջի Համալսարանի, Իրանի Պառլամենտի ու Թեհրանի Համալսարանի գրադարանների պարսկերեն տպագիր և ձեռագիր գրականության նմուշների հետ:   Պարսկերեն աշխատություններ բովանդակող ժողովածուների մեջ առկա թյուրքերեն ու արաբերեն մասերի նկարագրությունները պատրաստել են Մատենադարանի աշխատակիցներ Անի Ժ. Ավետիսյանը, Մովսես Խեչոն և Միհրան Մինասյանը:   Ձեռագրացուցակի պատրաստման աշխատանքներին աջակցել է Իրանի Ժառանգության Հիմնադրամը (Iran Heritage Foundation), և աշխատությունը հրատարակվել է Ջեյ Թի Այ Արմենիա» ՓԲԸ նվիրատվությամբ և «Մատենադարանի բարեկամներ» հիմնադրամի աջակցությամբ։

Կիսվել