«ԼԵՀԱՀԱՅԵՐ. ԳՐՉՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ». ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

2017 թ. մայիսի 31-ին, ժամը 17:00-ին Մատենադարանում բացվեց «Լեհահայեր. Գրչության ավանդույթներ» խորագրով ցուցադրությունը։  Այն նվիրված է Լվովում հայկական թեմի հիմնադրման 650-ամյակին: Սա Մատենադարանում կազմակերպվող առաջին ցուցադրությունն է, որը նվիրված է լեհահայ գրչությանը:

  Բացմանը ներկա էին բարձրաստիճան հյուրեր, մասնավորապես՝ ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին տիկնոջ հետ, Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, Սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանն ու Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Կարեն Ավանեսյանը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի տնօրեն տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի թանգարանների և արխիվների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը,  Մատենադարանի տարբեր բաժինների ղեկավարներ ու աշխատակիցներ,  բազմաթիվ հյուրեր:
  Ցուցադրության բացումը կատարեց Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը, որն իր ելույթում մասնավորապես նշեց միջնադարյան գաղթավայրերի շարքում լեհահայ գաղութի ուրույն ու ծանրակշիռ դիրքը: «Լեհ-լիտվական միացյալ պետությունը, հետագայի Լեհական թագավորությունը կամ Ռեչ Պոսպոլիտան մի յուրահատուկ պետություն էր, որն իր մեջ ընդգրկում էր բազմաթիվ երկրներ ու ժողովուրդներ, որոնք վայելում էին որոշակի ներքին ինքնավարություն: Այն մի յուրահատուկ միջնադարյան Եվրամիություն էր: Որոշակի ազատություններ էր վայելում նաև հայ համայնքը, որը երկար ժամանակ ուներ ոչ միայն դավանանքի ազատություն, այլև սեփական դատարան ունենալու արտոնություն: Այս տարի նման մի ցուցադրություն բացելու համար հիմք է ծառայում այն պատմական փաստը, որ ճիշտ 650 տարի առաջ՝ 1367 թվականին, Լեհ-լիտվական միացյալ պետության թագավոր Կազիմիր Մեծի հրովարտակով հայոց Գրիգոր եպիսկոպոսը իրավունք է ստանում թեմ հիմնադրելու և Լվով քաղաքը դարձնելու իր նորաստեղծ թեմի նստավայրը: Լեհաստանի պատմության մեջ դա հայերին հասցեագրված ամենահին փաստաթուղթն է», — նշեց պարոն Տեր-Ղևոնդյանը: Տնօրենի պաշտոնակատարն իր շնորհակալությունը հայտնեց Հայաստանում Լեհաստանի դեսպանությանը և անձամբ ն.գ. Եժի Մարեկ Նովակովսկուն 1367թ.-ի թագավորական հրովարտակի արտատպությունը Մատենադարանին նվիրելու համար:

8 — Right

  Այնուհետև ելույթ ունեցավ դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին, որը ցուցադրության կազմակերպման համար իր երախտագիտությունը հայտնեց Մատենադարանի տնօրինությանը: Դեսպանը Մատենադարանի ավագ գիտաշխատող Փիրուզ Մնացականյանին հանձնեց թագավորական հրովարտակի պատճենը հետևյալ մակագրությամբ. «Պատմական գիտությունների թեկնածու Փիրուզ Մնացականյանին ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպան Եժի Մարեկ Նովակովսկիից՝ ի երախտագիտություն հայ-լեհական հարաբերությունների գործում իր ներդրման»:
  Ելույթով հանդես եկավ նաև Տեր Նաթան արք. Հովհաննիսյանը, որը 1991 թ. պաշտոնավարել է որպես Ուկրաինայի հայոց նորաստեղծ թեմի առաջնորդական տեղապահ և իր գործուն մասնակցությունն է ունեցել Լվովի Աստվածածնի վերափոխման եկեղեցին Հայ Առաքելական եկեղեցուն վերադարձնելու գործում:
  Լեհաստանից հրավիրված պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկան, որը երեսուն տարուց ավելի զբաղվում է Լեհ-լիտվական թագավորության հայ գաղթավայրերի պատմությամբ, ինչպես նաև Լեհաստանում հայագիտական առաջին հանդեսի՝ «Լեհահայեր»-ի գլխավոր խմբագիրն է, հայագիտության ոլորտում ունեցած իր ավանդի համար Մատենադարանի տնօրինության կողմից արժանացավ «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալի: «Գնահատելով  պրոֆեսոր Ստոպկայի ներդրումը հայագիտության, հայ համայնքի պատմության ու մշակույթի ուսումնասիրության, ինչպես նաև հայ-լեհական բարեկամական կապերի ամրապնդման գործում՝ որոշել ենք նրան շնորհել «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալ, — հայտարարեց տնօրենի պաշտոնակատարը: Պրոֆ. Ստոպկան իր խորին շնորհակալությունը հայտնեց Մատենադարանի տնօրինությանը նման բարձր գնահատանքի արժանանալու համար: Լեհաստանի թագավորի հրովարտակի պատմական կարևորությանը նվիրված իր հակիրճ զեկույցում նա նշեց այն մեծ աջակցության մասին, որ սույն հրովարտակով շնորհվում էր հայկական նորաստեղծ թեմին:
  Լեհահայ գրչության առանձնահատկությունների, մասնավորապես այդ գրչության բովանդակային հարստության մասին խոսեց ցուցադրության կազմակերպիչ, լեհահայ գրչության մասնագետ Փիրուզ Մնացականյանը:
  Ցուցադրությանը ներկայացվել են չորս տասնյակ ձեռագրեր, արխիվային վավերագրեր, Լեհ-լիտվական միացյալ թագավորության հայաշատ կենտրոնների ժամանակակից քարտեզ, ինչպես նաև վերջին ժամանակների հայագիտական հրատարակություններ Լեհաստանից: Հատուկ այս առիթով ցուցադրվում է 1367 թ.-ի թագավորական հրովարտակի արտատպությունը, որի բնօրինակը պահվում է Լեհաստանի Հին փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվում:  Առաջին անգամ այն ներկայացվում է հայերեն, ռուսերեն, անգլերեն և լեհերեն կից թարգմանություններով:     Ներկայացված ցուցանմուշների զգալի մասը ցուցադրվում է առաջին անգամ:

Կիսվել