ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ «ԲԱՐՈՅԱԽՈՍ»-Ի ՏԱՐԱԼԵԶՈՒ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻՆ

2017 թ. հունիսի 15-17-ը Փարիզի Սորբոնի համալսարանում տեղի ունեցավ «Ֆիզիոլոգոս»-ն Արևելքի և Արևմուտքի միջև. բնության մասին վաղ քրիստոնեական մի բնագրի տարածումն ու փոխակերպումը» (“The Physiologus between East and West. Diffusion and Transmission of an Early Christian text on Nature”) թեմայով միջազգային գիատաժողով:
  Հավանաբար II դարի վերջում Ալեքսանդրիայում գրված այդ հունարեն երկում նկարագրվում են զանազան իրական ու երևակայական կենդանիների, ինչպես նաև բույսերի ու քարերի հատկությունները, վարքն ու բարքը (ինչով և բացատրվում է հայերեն տարբերակի «Բարոյախոս» վերնագիրը): Ապա այդ ամենը մեկնաբանվում է որպես մարդկանց, Քրիստոսի, եկեղեցու և սատանայի այլաբանություն: Ժողովածուն միջնադարում լայն տարածում է գտել ողջ քրիստոնյա աշխարհում՝ հունարենից թարգմանվելով լատիներեն (երկու անգամ), եթովպերեն, հայերեն (հայերենից էլ՝ վրացերեն), ասորերեն, ղպտերեն, արաբերեն, հին սլավոներեն (գոյություն ունի նաև վերջինիցս ածանցյալ հին ռուսերեն տարբերակ): Լատիներենից թարգմանվել են արևմտաեվրոպական տարբեր լեզուներով «Բեստիարիում»-ները, որոնք, սակայն, գիտաժողովում ներկայացված չէին:
  Գիտաժողովին ներկա էին Մատենադարանի ավագ գիտաշխատողներ Գոհար Մուրադյանը և Արամ Թոփչյանը: Նրանք հանդես եկան հայերեն տարբերակի վերաբերյալ երկու զեկուցմամբ. Գոհար Մուրադյանը՝ «Բարոյախոս»-ի հայերեն թարգմանությունը և դրա հետագա խմբագրությունները» (այն ամփոփում էր հեղինակի՝ այդ թարգմանության և երրորդ՝ ամենահամառոտ խմբագրության քննական հրատարակությունը, տե՛ս G. Muradyan, Physiologus, the Greek and Armenian Versions with a Study of Translation Technique (Hebrew University Armenian Studies 6, series editor M.E. Stone), Leuven – Paris – Dudley, MA: Peeters, 2005. երկրորդ խմբագրությունը տե՛ս «Բանբեր Մատենադարանի», 23, 2016, էջ 291–329) և Արամ Թոփչյանը՝ «Բարոյախոս»-ի հետքերը հետագա հայ գրականության մեջ»: Հայերեն տարբեր խմբագրությունները և դրանց համառոտված տարբերակները պահպանվել են 40-ից ավելի ձեռագրերում:
  Հետաքրքիր է, որ ղպտերեն «Բարոյախոս»-ը փաստորեն չի պահպանվել, սակայն տարբեր երկերում մեջբերումները թույլ են տալիս ենթադրել, որ գոյություն է ունեցել ամբողջական թարգմանություն: Արաբերեն տարբերակի ծագումը հստակ չէ. այն կարող էր թարգմանված լինել ղպտերենից կամ ասորերենից: Ասորերենի դեպքում էլ խնդրահարույց է դրա ծագումը հունարեն այս կամ այն խմբագրությունից: Իսկ հայերենից թարգմանված վրացերենը պահպանվել է մեկ ձեռագրով: Այն ներկայացնող Յոստ Գիպպերտի հավաստմամբ, թարգմանիչը վրացերենին ոչ այնքան լավ տիրապետող անձ է եղել, հավանաբար՝ հայ: Մեկ այլ ուշագրավ բացահայտում. այդ միակ ձեռագիրը՝ գրված X դարում Շատբերդիում (Կղարջք), ժողովածու է, որի գրեթե բոլոր նյութերը, Գիպպերտի կարծիքով, թարգմանված են հայերենից:    
  Հունարեն բնագրի հարուստ և բարդ ձեռագրական ավանդույթը ներկայացրեց Կարոլին Մասեն՝ նշելով հայերեն թարգմանության (և դրա քննական հրատարակության առկայության) կարևորությունը հունարեն նոր քննական բնագիր կազմելու համար (1936 թ. Ֆրանչեսկո Սբորդոնեի կազմած քննական բնագիրը, որում 77 ձեռագրի հիման վրա առանձնացված է 4 խմբագրություն՝ զանազան ենթախմբագրություններով, այսօր հնացած է համարվում, հատկապես որ գիտաժողովում խոսվեց նոր հայտնաբերված 20-ից ավելի ձեռագրերի մասին):
  Որոշ զեկուցումներ նվիրված էին հունարեն և լատիներեն նկարազարդ «Բարոյախոս»-ների յուրահատուկ պատկերագրությանը: Հատկանշական է, որ ինչպես հայերեն, այնպես էլ մյուս «արևելյան» տարբերակները չեն նկարազարդվել: Այնուամենայնիվ, հայերեն ձեռագրերում հանդիպում են «Բարոյախոս»-ում նկարագրված էակների  պատկերներ՝ որպես լուսանցազարդեր (հուշկապարիկներ և առյուծ), խորանների մեջ (հուշկապարիկներ) և ձագերին իր արյամբ սնող հավալուսնը՝ իբրև Քրիստոսի այլաբանություն: Արամ Թոփչյանն իր զեկուցման ընթացքում ցուցադրեց մի քանի պատկեր:    
  Խոսվեց հունարեն էլեկտրոնային քննական բնագիր պատրաստելու ծրագրի մասին, որը կիրառելի կլինի նաև այլ լեզուների համար:
  Տպագրվելու է գիտաժողովի նյութերի ժողովածու:


Կիսվել