ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՆԱՐԵԿԱՑԻԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ. ԳԱՆՁԵՐ ԵՎ ՏԱՂԵՐ» 3-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նիստերի դահլիճում մեկնարկեց  «Նարեկացիական ընթերցումներ. Գանձեր և տաղեր» 3-րդ միջազգային գիտաժողովը տե՛ս գիտաժողովի ծրագիրը
Գիտաժողովի մասնակիցներին ողջույնի խոսք հղեց Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը: Իր խոսքում Վ. Տեր-Ղևոնդյանը նշեց, որ «արդեն երրորդ տարին անընդմեջ Մաշտոցյան Մատենադարանում կազմակերպվում են Նարեկացիական ընթերցումներ»: Վ.  Տեր-Ղևոնդյանն ընդգծեց, որ «կարևոր էր պահպանել շարունակականությունն ու պարբերականությունը «Ընթերցումների», որ նախաձեռնել էր Հրաչյա Թամրազյանը 2015-ին` այն տարին, երբ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Գրիգոր Նարեկացին հռչակվեց որպես Տիեզերական  վարդապետ»:  
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական պատգամը փոխանցեց ԵՊՀ Աստվածաբանության  ֆակուլտետի դեկան Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:
 Գիտաժողովի բացման արարողությունն ուներ նաև մշակութային մաս. հայ հոգևոր  երգերով հանդես եկան «Լույս» երգեցիկ հնգյակն ու երգչուհի Հասմիկ Բաղդասարյանը:
Գիտաժողովի շրջանակներում կայացան նաև ներքոհիշյալ գրքերի շնորհանդեսները.
 -Հրաչյա Թամրազյան, Գրիգոր Նարեկացին եւ Նարեկյան դպրոցը (Գիրք Գ)
 -Աբրահամ Տերյան, Ս. Գրիգոր Նարեկացու տոնական ստեղծագործությունները (գանձեր, տաղեր, ներբողներ. անգլերեն թարգմանություն առաջաբանով, ներածականներով եւ ծանոթագրություններով),
 -Վալդա Սալմինյա. Գրիգոր Նարեկացի, «Մատեան ողբերգութեան» (լատվիերեն ծաղկաքաղ թարգմանություն):
  Գիտաժողովի զեկույցները ներկայացնում են Ս. Գրիգոր Նարեկացու տաղերի եւ գանձերի խորհրդաբանությունը, սկզբնաղբյուրները (Ժան Պիեռ Մահե, «Բոսոր» ածականը Նարեկացու տաղերում. առասպելական մի գույն», Աբրահամ Տերյան, «Նարեկեան մի քանի պատկերներու փիլոնեան նախապատկերները. Օրինակներ տաղերէն, գանձերէն եւ ներբողներէն»), նոր քննական բնագրի կազմության աշխատանքները (Հայկ Իւթիւճեան, «Դէպի Ս. Գրիգոր Նարեկացւոյ տաղերու նոր խմբագրութիւն»), ծիսական կիրառությունը (Վարդան Դեւրիկյան, «Եկեղեցական Տոնացույցի թելադրանքով գրված Նարեկացու տաղերը եւ գանձերը»), կենսագրական ծածկագրված նորահայտ փաստեր (Հրաչիկ Միրզոյան, «Երբ է ծնվել Նարեկացին կամ մեկ ծածկագրության վերծանում»), մեկնողական մեթոդները (Արուսյակ Թամրազյան, «Մեկնության խորհրդապատկերները Գրիգոր Նարեկացու ստեղծագործության մեջ. «Ով է դա»-ի մեկնությունը»), «Մատեան»-ի որոշ հատվածների վերլուծությունը (Թեո Մաարտըն վան Լինտ, «Մարդու դատապարտումը եւ վերանորոգումը Մատեանի 39 եւ 40 բաներում»):
Գիտաժողովն անցկացվում է «Մաշտոց» հիմնադրամի աջակցությամբ:

Կիսվել