ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՐՍԿԵՐԵՆ ՁԵՌԱԳԻՐ ՊԱՏԱՌԻԿՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ

«Ցուցակ Մատենադարանի պարսկերեն ձեռագիր պատառիկների», Կազմող՝ Հասմիկ Կիրակոսյան, Երևան, «Նաիրի» հրատարակչություն, 2017թ. , 86 էջ:

Լույս է տեսել Մատենադարանի պարսկերեն ձեռագիր պատառիկների ցուցակը՝ Հասմիկ Կիրակոսյանի հեղինակությամբ: Հատորն ընդգրկում է Մաշտոցի անվան Մատենադարանի արաբատառ ֆոնդում պահվող պարսկերեն ձեռագիր պատառիկների ամբողջական հավաքածուի մանրամասն նկարագրությունը: Ցուցակում ներկայացված միավորները ձեռագրային պատառիկներ են, անձնական նամակներ, գեղագրության նմուշներ: Տրված է յուրաքանչյուր միավորի մանրամասն նկարագրությունը, բովանդակությունը, որոշ բնագրերի ամբողջական վերծանությունը: Յուրաքանչյուր պատառիկի նկարագրության մեջ ներկայացված են տվյալներ գրչության ժամանակի, գրչի, թերթերի քանակի, մեծության, նյութի, տողերի քանակի, պատառիկի վիճակի մասին: Բովանդակության բաժինն ընդգրկում է բնագրի սկիզբը և վերջը՝ թարգմանություններով: Պարսկերեն պատառիկների սույն նկարագրությունն ու ուսումնասիրությունը, պայմանավորված սահմանափակ թվաքանակով, կատարվել է ըստ ֆոնդի համարների, և թեմատիկ սկզբունքն ու ձևային հատկանիշները հաշվի չեն առնվել: Գիրքը նախատեսված է ձեռագրագետների, իրանագետների,  գրականագետների համար:   Ձեռագրացուցակը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն, խմբագիր՝ Գոհար Մուրադյան, անգլերենի խմբագիր՝ Գոհար Թոփչյան: Աշխատանքը հրատարակվել է «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:

Կիսվել