ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՆԱՐԵԿԱՑԻԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» 4-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Նոյեմբերի 7-ին Մատենադարանի գիտական մասնաշենքի դահլիճում տեղի ունեցավ «Նարեկացիական ընթերցումներ» 4-րդ միջազգային գիտաժողովը (տե՛ս ծրագիրը): Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին վաստակաշատ հայագետ Արմինե Քյոշկերյանի հիշատակը: Բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը: Մատենադարանի տնօրենը նշեց, որ «ընթերցումները» նաև մշտանորոգ առիթ են կրկին ու կրկին հիշելու բազմատաղանդ բանաստեղծին ու նրբազգաց գրականագետին, նարեկացիագիտության մեջ խոր հետք թողած Հրաչյա Թամրազյանին, որ դրեց ամենամյա նարեկացիական ընթերցումների հիմքը:
  Գիտաժողովին մասնակցում էին միջազգային համբավ ունեցող նարեկացիագետներ Ժան-Պիեռ Մահեն (Ֆրանսիա), Թեո Մաարտըն վան Լինտը (Մեծ Բրիտանիա), Ռոբերտա Էրվինը (ԱՄՆ), Գրիգոր Պըլտյանը (ԱՄՆ), Հայաստանից  զեկուցումներով հանդես կգան Հենրիկ Բախչինյանը, Տեր Շահե Ծայրագույն վարդապետ Անանյանը, Արուսյակ Թամրազյանը և Հրաչիկ Միրզոյանը:
  Գիտաժողովի մասնակիցները հանդես եկան հետևյալ զեկուցումներով.
   1.Ժան-Պիեռ Մահե — Գրիգոր Նարեկացուն վերագրված «Կարգ եւ կանոն աղաւթից»-ը «Մատեան ողբերգութեան»-ի ուրվագծերի շարքում
   2.Տեր Շահե Ծայրագույն վարդապետ Անանյան Անդամալույծի բժշկման պարականոն պատումը՝ Ս. Գրիգոր Նարեկացու Աղոթամատյանու
   3.Թեո Մաարտըն վան Լինտ- Դիտողություններ Գրիգոր Նարեկացու և Վարդան Անեցու միջև եղած առնչությունների մասին
   4.Ռոբերտա Էրվին- «Բան քո խնկեալ». մաքրագործութեան բուրումը Գրիգոր Նարեկացիի աղօթքներուն մէջ
   5.Գրիգոր Պըլտեան- Տրամախօսական կառուցուածքը «Մատեան Ողբերգութեան» մէջ
   6.Արուսյակ Թամրազյան- Խորհրդապատկերի կերտման որոշ առանձնահատկություններ Գրիգոր Նարեկացու
ստեղծագործության մեջ (տաղեր, մեկնություններ)
   7.Հենրիկ Բախչինյան- Նարեկացու հիմնած բանաստեղծական ժանրերը
   8.Հրաչիկ Միրզոյան- Ինչ են բամբասել Գրիգոր Նարեկացու մասին

  Գիտաժողովի ավարտին տեղի ունեցավ երկու գրքի շնորհանդես՝ Գրիգոր Նարեկացու «Մատեան»-ի հոլանդերեն թարգմանությունը և Գրիգոր Նարեկացու «Տաղեր» գրքույկը, որտեղ զետեղված են տաղերի և շարականի նոտաները, ինչպես նաև ձայնասկավառակ՝ Գևորգ Հունանյանի և Աննա Մայիլյանի կատարումներով։

Կիսվել