Մահացել է Էդվարդ Բաղդասարյանը

Նոյեմբերի 30-ին կյանքից հեռացավ Մատենադարանի երկարամյա աշխատակից, պատմական գիտությունների թեկնածու Էդվարդ Բաղդասարյանը: Էդվարդ Բաղդասարյանը ծնվել է 1933 թ. մայիսի 25-ին Երևանում: 1953-1958 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: 1959 թվականից աշխատել է Մաշտոցյան Մատենադարանում: 1970 թ. պաշտպանել է թենածուական ատենախոսություն՝ նվիրված 13-րդ դարի ականավոր մատենագիր Հովհաննես Երզնկացուն և նրա խրատական արձակին:Էդվարդ Բաղդասարյանը երկար տարիներ ղեկավարել է Մատենադարանի «Միջնադարյան սկզբնաղբյուրների ուսումնասիրման» բաժինը:Նշանակալի է Էդվարդ Բաղդասարյանի վաստակը Հովհաննես Երզնկացու մատենագրական ժառանգության համակողմանի քննության ու գիտական հրատարակության գործում, որի առհավատչյան նրա հեղինակած կոթողային աշխատություններն են (Հովհաննես Երզնկացին և նրա խրատական արձակը, Երևան, 1977. Յովհաննէս Երզնկացի, Մատենագրութիւն, հ. Ա, Երեւան, 2013: Հրատարակության է պատրաստվում Մատենագրութեան երկրորդ հատորը, որում ընդգրված են Հովհաննես Երզնկացու՝ Էդվարդ Բաղդասարյանի աշխատասիրությամբ լույս ընծայված երկերը): Հովհաննես Երզնկացու և նրա ստեղծագործության նկատմամբ Էդվարդ Բաղդասարյանի հետաքրքրությունը մեծապես ազդված էր իր տոհմի՝ Երզնկայից սերած լինելու հանգամանքով: Հայ միջնադարյան սկզբնաղբյուրների ուսումնասիրման բնագավառում մեծապես կարևոր են Ներսես Շնորհալու «Թուղթ ընդհանրական»-ի և Գևորգ Սկևռացու «Վարք»-ի՝ Էդվարդ Բաղդասարյանի աշխատասիրությամբ հրատարակված բնագրերը: Մատենադարանի տնօրինությունը, աշխատակազմն իրենց վշտակցությունն են հայտնում Էդվարդ Բաղդասարյանի հարազատներին վաստակաշատ գիտնականի մահվան կապակցությամբ: Հոգեհանգիստը տեղի կունենա երկուշաբթի՝ ժամը 18:00-ին «Մուշ» սգո սրահում (Կոտայքի մարզ, Վերին Պտղնի համայնք, Երևան-Սևան ավտոմայրուղու 10-րդ կիլոմետր, Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ), հուղարկավորությունը՝ երեքշաբթի՝ ժամը 13:00-ին նույն վայրից:

Կիսվել