ԽԱՉԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ «ՀԱՅԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐԸ»

Լույս է տեսել Մատենադարանի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Խաչիկ Հարությունյանի նոր ուսումնասիրությունը՝ «Հայերեն ձեռագրերի հիշատակարանները» խորագրով: Գրքի խմբագիրն է Մատենադարանի գլխավոր ավանդապահ, Ձեռագրագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Գևորգ Տեր-Վարդանյանը: Գրքում ուսումնասիրված է հայ միջնադարյան գրչաշխարհում լայն տարածում ունեցած հիշատակարանագրության ավանդույթը, քննության են առնված հայերեն հիշատակարանների հիմնական բաղադրատարրերը, դրանց արտահայտման տարաբնույթ եղանակներն ու կաղապարային դրսևորումները: Շատ միավորներ հեղինակը համեմատել է նաև ձեռագրական այլ ավանդույթներում (հունական, լատինական, ղպտական, ասորական, իրանական և այլն) հանդիպող համանման երևույթների հետ, որն ավելի ևս ընդգծում է հայկական հիշատակարանների առանձնահատկությունները:
Առանձին տեղ է հատկացված հիշատակարանների գրական արժեքին ու լեզվական նկարագրին: Մանրամասն ներկայացված է նաև դրանց հավաքման և հրատարակման պատմությունը:
   Գիրքը նախատեսված է ձեռագրագետների, միջնադարագետների, աղբյուրագետների, բանասերների,   արվեստաբանների և հայ գրչության պատմությամբ հետաքրքրվողների համար:
   «Հայերեն ձեռագրերի հիշատակարանները» Խաչիկ Հարությունյանի երկրորդ մենագրությունն է: Առաջին գիրքն է՝ «Միքայել անվամբ ԺԷ. դարի երկու գրիչ» աշխատությունը: Հետազոտողը նաև «Մատենագիրք հայոց» շարքում հրատարակել է նաև Պետրոս Ա. Գետադարձ և Ներսես Դ. Շնորհալի Ամենայն Հայոց կաթողիկոսների հեղինակած կամ նրանց վերագրվող շարականների համեմատական բնագրերը՝ առաջաբաններով:  
Գրքի թվային տարբերակը տե՛ս այստեղ.


ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ

Կիսվել