Ձեռագրական, վիմագրական ու մատենագրական աղբյուրների հիման վրա ներկայացվում են հայ գրավոր մշակույթի հնագույն օրրաններից մեկի՝ Մեծ Հայքի Ուտիք նահանգի գրչության կենտրոնները՝ հիշատակարանային բազմաթիվ տվյալների հրապարակմամբ, որոնք լուսաբանում են նահանգի պատմությանը վերաբերող շատ հարցեր:
Գրքում նահանգի գավառների պատմությունը և մշակութային, ձեռագրական ժառանգության խնդիրները ներկայացվում են ըստ «Աշխարհացույցի» նրանց զբաղեցրած տարածքների, որոնք հետագա դարերում վարչաքաղաքական փոփոխությունների հետևանքով ունեցել են նոր սահմաններ և անուններ: Ոսումնասիրությունը որոշ իմաստով հեղինակի 2015 թ․ հրատարակած «Արցախի գրչության կենտրոնները» գրքի շարունակությունն է, քանի որ խոսքը Հայոց Արևելից կողմանց երկու նահանգների մասին է, որոնցում մեծ են պատմամշակութային ընդհանրությունները։
Այս կենտրոններում նաև պահվել են այլ վայրերում գրված և այստեղ բերված ձեռագիր մատյաններ, որոնցով ամբողջանում է նահանգի ձեռագրական ժառանգության պատկերը: Հավելվածում առաջին անգամ ամբողջական ներկայացվում է Մխիթար Գոշի հայսմավուրքային վարքը:
Գրքի խմբագիրն է պատմ. գիտ. դոկտոր Կարեն Մաթևոսյանը։
Աշխատությանը կցված է նաև Ուտիքի գրչության կենտրոնների քարտեզ (հեղինակ՝ Գեղամ Բադալյան, քարտեզագիր՝ Մարտին Մարտիրոսյան)։
Գիրքը նախատեսված է Արցախ-Ուտիք նահանգների պատմությամբ ու մշակույթով զբաղվող մասնագետների, միջնադարագետների, աղբյուրագետների, ձեռագրագետների, ինչպես նաև պատմությամբ, մշակույթով և արվեստով հետաքրքրվող լայն հասարակության համար:
Գրքի թվային տարբերակը տե՛ս այստեղ: