Լույս է տեսել Մատենադարանի ավագ գիտաշխատող Արսեն Հարությունյանի «Երևանի Ս․Անանիա Առաքյալի Անապատը կամ Զորավոր Ս․Աստվածածին եկեղեցին» ուսումնասիրությունը

Աշխատությունը նվիրված է Երևանի երբեմնի հռչակավոր Ս. Անանիա առաքյալի անապատի և նրա տեղում՝ 1693 թ. կառուցված Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու պատմությանն ու մշակութային ժառանգությանը: Առաջին անգամ փորձ է արվել մատենագրական ու վիմագրական սկզբնաղբյուրների, ինչպես նաև արխիվային վավերագրերի միջոցով ամբողջացնել անապատի գրչության դպրոցում ընդօրինակված ձեռագիր մատյանները, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու պատմությունը, վիմագրերն ու եկեղեցական առարկաների արձանագրությունները:
Վերստին անդրադարձ է արվել Ս. Անանիա առաքյալի վարքին և վկայաբանությանը, առաջին անգամ ներկայացվել է նրա պատկերագրությունը հայ մանրանկարչության մեջ: Նորովի է լուսաբանվում մեծանուն հայրապետ Մովսես Գ. Տաթևացու (1629-1633) ավանդը Հայ եկեղեցու պատմության համապատկերում:
Նախատեսված է աղբյուրագետների, պատմաբանների, Հայ եկեղեցու և Երևան քաղաքի պատմության հարցերով զբաղվողների և ընթերցող լայն հասարակության համար:

Կիսվել