ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂՆԵՐԻ 5-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱ-ԳՈՐԾՆԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐԻՆ

2021թ. ապրիլի 5-ից 9-ը Ռուսաստանի պետական գրադարանում կայացավ վերականգնողների 5-րդ միջազգային գիտա-գործնական սեմինար «Վավերագրի վերականգնում.Կոնսերվատիզմ և նորարարություն» խորագրով, որը նշված ոլորտի մասնագետների փորձի փոխանակման ամենախոշոր և հեղինակավոր հարթակն է։
Սեմինարի նպատակն էր վերականգնողների, գրադարանային և թանգարանային հավաքածուների ֆոնդապահների վերապատրաստումը, վերականգնման ոլորտի նորարարությունների քննարկումը և մասնակցությունը վարպետության դասերի:
Դասընթացներին ներգրավված էին հայտնի փորձագետներ, որոնք իրենց փորձը փոխանցեցին մասնագետներին:
2021 թ. սեմինարին մասնակցեցին 375 մասնագետ աշխարհի 191 կազմակերպություններից:
Մաշտոցյան Մատենադարանի Վերականգնման բաժնի աշխատակիցներ Սուսաննա Բարսեղյանը, Թագուհի Ճենտերեճյանը և Արթուր Պետրոսյանը բաժնի վարիչ Գայանե Էլիազյանի գլխավորությամբ մասնակցություն ունեցան միջոցառմանը։ Ներկայացվեց պլենար զեկուցում «Հայկական կազմարվեստ.Կառուցվածք, առանձնահատկություններ, վերականգնման վրիպումներ» թեմայով: Մեր աշխատակիցները վարեցին 6 վարպետության դասեր։
5-րդ միջազգային սեմինարի արդյունքները ամփոփված են ժողովածուի մեջ, որտեղ տպագրված են Գայանե Էլիազյանի, Արթուր Պետրոսյանի, Էմմա Սարգիսովայի և Լիլիթ Բաչաչյանի հոդվածները։
Մատենադարանի պատվիրակությունն այցելել է նաև Գրաբարի անվան ինստիտուտի, Տրետյակովյան պատկերասրահի և Ռուդոմինոյի անվան արտասահմանյան գրականության գրադարանի վերականգնման բաժիններ, որտեղ ամրագրվել են ապագա համատեղ աշխատանքների հեռանկարները:

Կիսվել