Խորը վշտով հայտնում ենք, որ հուլիսի 1-ին վախճանվել է գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի աշխատակից Քնարիկ Տեր-Դավթյանը (1934-2021): Նա Մատենադարանի երկարամյա տնօրեն Սեն Արևշատյանի կյանքի ընկերն էր և Մատենադարանի հավատարիմ բարեկամը:
Քնարիկ Տեր-Դավթյանն ուսումնասիրել է հայ միջնադարյան գրականության մի շարք հուշարձաններ, կազմել քննական բնագրեր, հեղինակել բազմաթիվ բնագրերի ռուսերեն թարգմանություններ, օժտելով դրանք հանգամանալից առաջաբաններով և ծանոթագրություններով: Հատկապես նշանակալի են վարքերին ու վկայաբանություններին նվիրված նրա ուսումնասիրությունները:
Իր թարգմանություններից նշենք մի քանիսը՝ “Армянские жития и мученичества V-XVII веков” (1994), “Новые армянские мученики (1155-1843)” (1998), Товма Мецопеци, “История Тимурленга и его преемников” (2005), К. Габикян, “История уничтожения Малой Армении и ее великой столицы Себастии” (2015): Իսկ Անանիա Շիրակացու «Տիեզերագիտութիւն» (1962) և Ագաթանգեղոսի «Պատմութիւն հայոց» (2004) երկերը թարգմանել է Սեն Արևշատյանի հետ համատեղ:
Տնօրինությունը և աշխատակազմն իրենց վշտակցությունն են հայտնում Քնարիկ Տեր-Դավթյանի հարազատներին վաստակաշատ գիտնականի մահվան կապակցությամբ: Մատենադարանի աշխատակիցները միշտ կհիշեն բարի ու հմայիչ տիկին Քնարիկին: