Մատենադարանի արխիվային հավաքածուն համալրվել է նոր մշակված ֆոնդով

Մատենադարանի արխիվի և արխիվագիտության բաժինը տեղեկացնում է, որ մշակված արխիվային ֆոնդերի շարքը համալրվել է ևս մեկով, որը վերաբերում է բրիտանացի հայագետ Չարլզ Դաուսեթի (1924-1998թթ.) թողած գիտական ժառանգությանը։
Դաուսեթը Քեմբրիջում եղած ժամանակահատվածում հայերենին է ծանոթացել գիտնական Հարոլդ Բեյլիի շնորհիվ: Չորս տարվա տքնաջան աշխատանքի, Փարիզում ուսանելու և խոր հետազոտությունների արդյունքում 1965թ. հայերենի դասախոս է նշանակվել Օքսֆորդի համալսարանում, ուր դասավանդել է մինչև 1991թ.: Դասախոսել է նաև Լոնդոնի արևելագիտական և աֆրիկյան բարձրագույն դպրոցում: Զբաղվել է հայ մատենագիրների, հայերեն ձեռագրերի և միջնադարյան արվեստի հետազոտությամբ: 1962թ. այցելել է Մատենադարան։
Տիրապետելով հայերենին, վրացերենին, ֆրանսերենին և գերմաներենին՝ կատարել է բազմաթիվ թարգմանություններ։ Անգլերեն է թարգմանել Մովսես Կաղանկատվացու «Պատմութիւն Աղուանից աշխարհի» աշխատությունը, որի միայն մի հատվածն է ընդգրկված արխիվում: Կատարել է հայերեն մի շարք բառերի ստուգաբանական հետազոտություն:
Սայաթ-Նովան նույնպես անմասն չի մնացել Դաուսեթի հետաքրքրությունների շրջանակից: Ծանոթանալով նրա կյանքին և ստեղծագործություններին՝ 1996 թ. ավարտին է հասցրել Սայաթ-Նովային նվիրված աշխատությունը։
Չարլզ Դաուսեթի արխիվը պարունակում է 684 միավորով 715 արխիվային փաստաթուղթ: Այն մշակել է Տաթև Շաղբաթյանը։

Կիսվել