Հուլիսի 13-16-ը Ֆրանսիայի Ազգային ժառանգության ինստիտուտը «Հավաքածուների պահպանություն, ինչպես կանխել վնասները» թեմայով վարպետության դասընթաց էր կազմակերպել Հայաստանի մշակութային հաստատություններում աշխատող վերականգնողների համար: Ծրագրին մասնակցեցին նաև Մատենադարանի վերականգնողները՝ բաժնի վարիչ Գայանե Էլիազյանի գլխավորությամբ: Միջոցառման բացման արարողությունը տեղի ունեցավ Մաշտոցյան Մատենադարանում: Ողջույնի խոսքով հանդես եկան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, Ֆրանսիայի Ազգային ժառանգության ինստիտուտի տնօրեն Շառլ Պերսոնան և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ն.Գ. պարոն Ժոնաթան Լաքոտը: Տեսական և գործնական դասերը վարեցին ֆրանսիացի առաջատար վերականգնողներ Նատալի Պալմադ-Լը Դանտեկը, Բերտրան Լը Դանտեկը և Պատրիսիա Լըքլերը: Մատենադարանի վերականգնման բաժնի աշխատակիցները ֆրանսիացի մասնագետների հետ քննարկումներ ունեցան ձեռագրային նմուշների պահպանման և ամրակալման հարցերի շուրջ: Ձեռք բերվեց նախնական պայմանավորվածություն բաժնում ստեղծված բուսական հականեխիչների գիտական ուսումնասիրման, ինչպես նաև մասնագետների վերապատրաստման ծրագրերի հստակեցման ուղղությամբ: Այժմ Մատենադարանի վերականգնման բաժնում եռամսյա վերապատրաստում է անցնում Ֆրանսիայի Ազգային ժառանգության ինստիտուտի ուսանող՝ Նինա Մուրատը: