ՊԱՐԼՕ ՏԷՐ-ՄԿՐՏԻՉԵԱՆ ՄՐՑԱՆԱԿ

Ուրախ ենք հայտնել, որ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում Կալիֆորնիայի պետական համալսարանի (Ֆրեզնո) Հայագիտական բաժնի տնօրեն դոկտ. Պարլօ Տէր-Մկրտիչեանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ հիմնվել է մրցանակ: Այն ուղղված է Մատենադարանի զարգացման հիմնական նպատակների և ուղղությունների, հայագիտական ոլորտի գիտական, գիտատեխնիկական, կրթական ծրագրերի խթանմանը:
Մրցանակը շնորհվում է Մատենադարանի աշխատակիցներին՝ լավագույն աշխատանքների, նախաձեռնությունների և ծրագրերի իրականացման համար:
Մրցանակն ամենամյա է. ամեն տարի կարելի է ներկայացնել նախորդ երեք տարիների ընթացքում հրատարակված աշխատանք: Յուրաքանչյուր տարի սահմանվում է երեք մրցանակ հետևյալ անվանակարգերում՝

·         Լավագույն գիտական հետազոտություն

(մենագրություն, ուսումնասիրություն, բացառիկ արժեք ներկայացնող հոդված կամ հոդվածաշար)

·         Լավագույն աշխատանք

(բնագրի կազմում և հրապարակում, ձեռագրերի և արխիվային վավերագրերի նկարագրություն, գիտական աշխատանքների հրապարակում, թարգմանություն և այլն)

·         Լավագույն աշխատակից

(Մատենադարանի հիմնարար ծրագրերում լավագույն արդյունքի հասնելու, հավաքածուների վերականգնման, կրկնօրինակման, թվայնացման, մշակման և սպասարկման ոլորտներում, ինչպես նաև միջազգայնացման և հանրայնացման ոլորտներում լավագույն ցուցանիշների համար):


Բոլոր անվանակարգերում առաջնահերթությունը տրվում է Մատենադարանի հիմնական գիտական և գիտատեխնիկական ուղղություններին համապատասխանող պլանային աշխատանքներին:
Մրցանակի դափնեկիրները ստանալու են վկայագիր, հուշանվեր և դրամական պարգև 1.000 (հազար) ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով:
Մրցանակի հայցման համար կարող է ներկայացվել մեկ հեղինակի կամ հեղինակների խմբի աշխատանքը: Ընդ որում, դրամական պարգևը հավասարապես բաժանվում է հայցողների միջև, իսկ վկայականը, հուշանվերը հանձնվում են հայցողներից յուրաքանչյուրին:
Հայտադիմումները (տե՛ս կից ձևը) պետք է ներկայացնել 2022թ. հունվարի 10-ից մինչև մարտի 10-ը [email protected] էլեկտրոնային հասցեին: 

Մատենադարանի տնօրինություն

Կիսվել