ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒՄ

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14։00-ին, Մաշտոցյան Մատենադարանում տեղի կունենա Իրանի Ղաջարական դարաշրջանի մշակույթին նվիրված ցուցադրության հանդիսավոր բացումը, ինչպես նաև Քրիստինե Կոստիկյանի «Մատենադարանի պարսկերեն հրովարտակները» գրքի շնորհանդեսը:
Միջոցառումները նվիրված են Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, որին ընդառաջ Մատենադարանում մեկնարկել էր Իրանի մշակույթի օրեր։
Ցուցադրությունը և գրքի շնորհանդեսը տեղի կունենա Մատենադարանի թանգարանային համալիրում:
Հայ-իրանական քաղաքական, պատմական ու մշակութային առնչությունները գալիս են հազարամյակների խորքից: Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվում են հարյուրավոր պարսկերեն ձեռագրեր և վավերագրեր, որոնք առավել ակնառու են դարձնում երկու ժողովուրդների դարավոր կապերը: Իրանական հավաքածուն ամենահարուստներից է Մատենադարանի օտարալեզու ձեռագրերի շարքում։
Ցուցադրության շրջանակում ներկայացվելու է Մատենադարանում առկա Ղաջարական դարաշրջանի հրովարտակներ, նկարազարդ ձեռագրեր, այդ ժամանակաշրջանին բնորոշ ինքնատիպ կազմեր և Ղաջար թագավոր Նասեր Էդ-Դին շահի անձնական լուսանկարիչ ծագումով հայ Անթուան Սևրուգինի լուսանկարները։ Առաջին անգամ ցուցադրվելու են արվեստաբան Իվեթ Թաջարյանի անձնական հավաքածուից հախճապակե սալիկներ հագուստ և դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ։
«Մատենադարանի պարսկերեն հրովարտակները» գիրքը հրատարակվել է «Գուրգեն Մելիքյանի Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների» հիմնադրամի հովանավորությամբ:

Կիսվել