2021 թ. հունիսի 9-ին տեղի ունեցավ «Արցախի հայկական մշակութային ժառանգությունն ու գերմանացիները» խորագրով առցանց գիտաժողովը (հայերեն և գերմաներեն լեզուներով), որի նպատակն էր հայ-գերմանական համագործակցության շրջանակներում լուսաբանել արցախյան մշակույթը, ինչպես նաև հետպատերազմյան ժամանակներում Արցախում տեղի ունեցող իրադարձությունները: Գիտաժողովի կազմակերպիչներն էին աստվածաբանության դոկտոր պրոֆեսորներ Մարտին Թամքեն (Գյոթինգենի համալսարան), Անդրեաս Մյուլլերը (Քիլի համալսարան), աստվածաբանության դոկտորներ Դագմար Հելլերը (Բենսհայմի Միջեկեղեցական ինստիտուտ), Հարություն Հարությունյանը (Հայաստանի Ամերիկյան համալսարան): Գիտաժողովին ողջույնի խոսք ասաց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը՝ անդրադառնալով Արցախի փրկված ձեռագրական գանձերին: Մատենադարանի ավագ գիտաշխատող Թամարա Մինասյանը ներկայացրեց «Արցախի ձեռագրական արվեստը» խորագրով ծավալուն ցուցադրությունը և «Արցախի գրչության կենտրոնները» հիմնական զեկուցումը (գերմ. թարգմ. Անահիտ Ավագյան): Օտարերկրյա մասնագետները ներկայացրեցին այն գերմանացի և գերմանախոս շվեյցարացի միսիոներներին ու աստվածաբաններին, որոնց կյանքն ու գործունեությունը կապված է եղել հայության ճակատագրին։Քննարկումներից հետո գիտաժողովի մասնակիցները հնչեցրեցին կոչ՝ ի պաշտպանություն Արցախի մշակութային կոթողների, որը հղվեց եվրոպական պետական ատյանների և միջազգային մի շարք կառույցների: Նշված կոչի ու զեկույցների երկլեզու հրապարակումը տեղի ունեցավ վերջերս Գյոթինգենի համալսարանում՝ գիտական ժողովածուի տեսքով (տե՛ս առցանց տարբերակը)։