ԼՈՒՅՍ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԳԾՈՎ ՓՈԽՏՆՕՐԵՆ ԿԱՐԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ «ԱՆԻՆ ԵՎ ԱՆԵՑԻՆԵՐԸ» ԱՇԽԱՏՈւԹՅՈւՆԸ

Միջնադարյան Հայաստանի պատմության մեջ Անին բացառիկ կարևոր դեր է կատարել ոչ միայն որպես երկրի քաղաքական ու հոգևոր կենտրոն, Բագրատունյաց շրջանում՝ թագավորանիստ և կաթողիկոսանիստ, այլև քաղաքային կյանքի, տնտեսության, արհեստների ու առևտրի, մշակույթի և արվեստի զարգացման առաջնակարգ վայր: Գիրքը բաղկացած է երկու մասից. առաջինը նվիրված է քաղաքի պատմությանը, մշակույթին, քաղաքի ընդգրկմանը, ներկայացվում են նաև Անիի մերձակա վանքերն ու բերդերը։ Երկրորդ մասը նվիրված է անեցիներին՝ թագավորական ընտանիքի անդամներից ու ազնվական տոհմերից սկսած մինչև մեծաթիվ քաղաքային դասը, որը բաղկացած էր արհեստավորներից, առևտրականներից, զանազան գործավորներից ու այլ խմբերից։ Աշխատությունը եզրափակվում է սկզբնաղբյուրների տվյալների հիման վրա կազմված «Անեցիների և քաղաքին առնչված անձանց անվանացանկով», որն ընդգրկում է 783 անուն։
Գրքի խմբագիրն է Մատենադարանի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Վահան Տեր-Ղևոնդյանը։ Աշխատությունը հրատարակվել է Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ: Հրատարակությանն աջակցել է «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ:
2016 թ. Անին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում, որը մեծացրել է հետաքրքրությունը նրա նկատմամբ։ Ուստի շատ կարևոր է Անիի պատմական, մշակութային, քաղաքակրթական դերի նորովի ուսումնասիրությունը և ներկայացումը։ Այս առումով, ներկա հրատարակությունը նպատակ ունի ուշադրություն հրավիրել նաև Անիի շուրջը գտնվող հայկական վանքերի և այլ հուշարձանների վրա, որոնք միջնադարում սերտորեն կապված էին քաղաքի հետ, փաստորեն նրա մասնիկներն էին, սակայն այժմ աղետալի վիճակում են գտնվում։
Գրքի թվային տարբերակը տե՛ս այստեղ:

Կիսվել