ԻՏԱԼԱԿԱՆ «ԻԼ ՄԱՆԻՖԵՍՏՈ» ՕՐԱԹԵՐԹԸ  ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ «ԻՐԱՆԸ ՂԱՋԱՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

Իտալացի-իրանցի պատմաբան, պ.գ.թ., արևելագետ, լրագրող Ֆարիան Սաբահին հարցազրույց է ունեցել Մատենադարանում գործող «Իրանը Ղաջարական ժամանակաշրջանում» խորագրով ցուցահանդեսի համադրող, Մատենադարանի Արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանի հետ: Ցուցահանդեսի մասին ներկայացվող «Ղաջարական պատմությունը նորից ապրում է Մատենադարանում» վերնագրով հոդվածը հրատարակվել է իտալական «Իլ Մանիֆեստո» օրաթերթում:

Հոդվածի հայերեն տարբերակը ստորև.

 «Այս սև ու սպիտակ լուսանկարը պատկերում է պարսիկ կանանց մի խմբի՝ կարճ շրջազգեստով և սպիտակ զուգագուլպաներով։ Ձախ կողմում նստած է հայտնի երգիչ և երգահան Օզրա խանումը։ Սա պարսկահայ լուսանկարիչ Անթուան խան Սևրուգինի կողմից արված լուսանկարն է։ Նա եղել է Ղաջարական արքայատոհմի նշանավոր շահ Նասեր Էդ-Դինի (1848-1896 թթ.) պալատական լուսանկարիչը: Շահը երեք անգամ ճանապարհորդել է Եվրոպայում և այդ ճանապարհորդությունների ընթացքում իր հետ Պարսկաստան է բերել բազմաթիվ իրեր, որոնց մեջ եղել է լուսանկարչական սարք և հարեմի կանանց համար «թութու» կոչվող հագուստից։ Այդ հագուստը կրում էին եվրոպական թատրոնների պարուհիները։ Տորինոում 1833 թ. հուլիսին Նասեր Էդ-Դին շահը Իտալիայի թագավոր Վիտտորի Էմանուել II ուղեկցությամբ ներկա է եղել Վինչենցո Բելինիի «Նոյեմա» կոչվող ներկայացմանը։

Մատենադարանում պահվում է 20 000-ից ավելի ձեռագիր, որից 2730-ը արաբատառ են՝ արաբերեն, պարսկերեն և օսմաներեն։  ԵՊՀ դոցենտ, ցուցահանդեսի համադրող և Մատենադարանի Արևելագիտության բաժնի գիտաշխատող 47 տարեկան Իվեթ Թաջարյանը ուսումնասիրում է Ղաջարական ժամանակաշրջանի (1794-1925 թթ.) պարսկական ձեռագրերը։  Այժմ թանգարանում գործում է ժամանակավոր ցուցահանդես, որը գրավում է զբոսաշրջիկների հետաքրքրությունը։ Ցուցահանդեսն ունի նաև հայերեն, անգլերեն և պարսկերեն գիրք-ալբոմ, որտեղ առկա են ցուցահանդեսում ներառված ձեռագրերը։ Ձեռագրերի մեջ կարևոր տեղ է զբաղեցնում Ֆաթհ Ալի շահի ժամանակաշրջանում ընդօրինակված «Շահնամեն» (1830 թ.): Այցելուն կարող է հիանալ նաև Անթուան խան Սևրուգինի լուսանկարներով, որի բնօրինակները, նրա որդի Անդրե Սևրուգյանի գեղանկարների հետ միասին նվիրաբերվել են Մատենադարանին Հայդելբերգում բնակվող նրա թոռ Էմանուելի կողմից։ Անդրե Սևրուգյանը Փահլավի տոհմի (1925-1979 թթ.) շահական գեղանկարիչն էր։  Թաջարյանը, որ այս ցուցահանդեսին ներկայացրել է տեքստիլի նմուշները, ձեռք է բերել Թեհրանում աշխատելու տարիներին։ Նա նշում է. «Սովորել եմ հայկական դպրոցում, հաճախել եմ Ազադի համալսարանը և աշխատել Գոլեսթան պալատում։ Երկու տարի Գոլեսթան պալատ-թանգարանում աշխատելու ընթացքում զբաղվել եմ ղաջարական արվեստի նմուշների ուսումնասիրությամբ, այնուհետև վերադարձել եմ Երևան և պաշտպանել թեկնածուական ատենախոսությունս լուսանկարիչ Սևրուգինի մասին»»։

Իտալերեն տարբերակը՝

https://ilmanifesto.it/lepopea-cagiara-rivive-al-matenadaran

Կիսվել