ԱՐԽԻՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆԸ ՀԱՄԱԼՐՎԵԼԻ Է ՆՈՐ ՄՇԱԿՎԱԾ ՖՈՆԴՈՎ

Մատենադարանի արխիվագիտության բաժինը տեղեկացնում է, որ մշակված արխիվային ֆոնդերի շարքը համալրվել է ևս մեկով՝ «Յառաջ»-ի (Շավարշ և Արփիկ Միսաքյանների) արխիվային փաստաթղթերի հավաքածուի մշակումով:
1925 թ. Փարիզում հիմնադրված հասարակական, քաղաքական և մշակութային «Յառաջ» օրաթերթի արխիվային փաստաթղթերի հավաքածուն հիմնականում բաղկացած է 3 բաժիններից։
1-ին բաժինն ընդգրկում է օրաթերթի հիմնադիր տնօրեն, խմբագիր, հասարակական-քաղաքական գործիչ, Հ.Հ.Դ. կուսակցության անդամ Շավարշ Միսաքյանին (օգոստոս 1884, Զմառա (Սեբաստիա) — 28.1.1957, Փարիզ) և նրա դստերը՝ ֆրանսահայ լրագրող, խմբագիր Արփիկ Միսաքյանին (1. 2. 1926, Փարիզ. – 9. 6. 2015, Փարիզ) առնչվող նամակները, Շ. Միսաքյանի կյանքին ու գործունեությանը վերաբերող վավերագրեր, մամուլում և պարբերականներում լույս տեսած նյութեր։ Հոր մահից հետո ստանձնելով խմբագրության տնօրենությունը և շարունակելով վերջինիս գործը՝ Արփիկ Միսաքյանը 1976-ից հրատարակում է նաև օրաթերթի «Միտք և արվեստ» միամսյա հավելվածը։ Նրա նախաձեռնությամբ 2015-ին հայերեն և ֆրանսերեն թարգմանությամբ լույս է տեսնում «Տերևներ դեղնած հուշատետրե մը» խորագրով հոր հուշագրությունը, որը վերաբերում է նրա՝ թուրքական բանտում անցկացրած տարիներին։
2-րդ բաժնում տեղ են գտել սփյուռահայտ անվանի գրող Շահան Շահնուրի (3. 8.1903, Կ. Պոլիս — 20. 8.1974, Փարիզ) ստեղծագործությունները, գրած, ստացած նամակները, կյանքն ու գործունեությունը ներկայացնող փաստաթղթեր, մամուլում հրատարակված նյութեր։
3-րդ բաժնում զետեղվել են Երվանդ (15.11.1895, Երզնկա -18.5.1981, Միլան) և Լյուսի (Սևումյան, 13. 6. 1892, Ալեքսանդրապոլ – 13. 6. 1969, Միլան) Արզումանյաններիին առնչվող նամակները և զանազան վավերագրեր։ Մեծ է եղել հասակական, քաղաքական գործիչ, բժիշկ Երվանդ Արզումանյանի վաստակը իտալահայ գաղութի կազմավորման, զարգացման, Հայ տան ստեղծման և սբ. Քառասուն մանկանց եկեղեցու կառուցման գործում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա եղել է Իտալահայկական կոմիտեի նախագահը։ Մուսոլինիի կառավարության հետ այդ կոմիտեի համագործակցությունը հետապնդել է մեկ նպատակ՝ իտալացիներին և մասնավորապես իտալական հասարակական-քաղաքական շրջանակներին ծանոթացնել հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին և բացահայտելով՝ մարդկության քաղաքակրթության մեջ հայերի ունեցած դերակատարությունը՝ հասնել Արևմտյան Հայաստանի ազատագրման և հայկական պետության ստեղծման։
«Յառաջ»-ի հավաքածուում կան նաև այլ անձանց պատկանող նյութեր ու նամակներ։ Իտալերեն նյութերի հայերեն թագրմանությունը կատարել են Անի Պետոյանը և Եվա Հարությունյանը։
«Յառաջ»-ի հավաքածուում պահպանվում է 1806 միավորով 1839 փաստաթուղթ։ Այն մշակել է Արուս Բոյաջյանը։

Կիսվել